Մեր երկրի անկախության հռչակման առաջին տարիները բազում էին դժվարություններով, զրկանքներով, ռազմական գործողությունների ու տնտեսական շրջափակման հետեւանքով: Սակայն այդ դժվարությունները չընկճեցին ժողովրդին եւ արդյունքում արդեն ունենք նոր 20-ամյա Անկախ Հանրապետություն: Ճիշտ 20 տարի առաջ, այդ դժվարին տարիներին Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմինը» որոշեց մայր հայրենիքում ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը եւ կնպաստեր հայության միավորմանը: Այդ որոշման նախագիծը մանրամասն քննարկվեց աշխարհի տարբեր ծայրերում գործող Թեքեյան մշակութային կենտրոնների հետ եւ արդյունքում 1997-ին մեծ հանդիսավորությամբ կայացավ Թեքեյան կենտրոնի բացումը: Իսկ 2001-ին Թեքեյան կենտրոն (շահույթ չհետապնդող) ՍՊԸ վերագրանցվեց որպես «Թեքեյան կենտրոն» հիմնադրամ:
Սեպտեմբերի 10-ին Թեքեյան կենտրոն էին շտապում սփյուռքի տարբեր գաղթօջախներից ու Հայաստանի մարզերից ժամանած թեքեյանցիներ մասնակցելու «Թեքեյան կենտրոնի» հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Արեւմտահայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը կրող կենտրոնում հյուրերին դիմավորում էին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հնչյունների ներքո: Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է», «Նոկտյուռն», «Անուրջներ» ստեղծագործությունները: Հոբելյանական հանդիսությունը բացվեց Մայր աթոռ սբ. Էջմիածնի հրատարակչության պետ, Անգլիո թեմի նախկին հոգեւոր առաջնորդ Նաթան եպս. Հովհաննիսյանի օրհնության եւ բարեմաղթանքի խոսքով: «Ազատ, անկախ Հայաստանի կարծես թե առաջնեկ զավակը եղավ Թեքեյան կենտրոնը, որն այսօր տոնում է իր 20-ամյակը, հասունացման հոբելյանը: Հայ ժողովուրդը պատմական ճակատագրով, տարբեր իրողությունների բերումով բաժանված է եղել արեւելքի եւ արեւմուտքի միջեւ, սակայն երբեք չի բաժանվել իր էությամբ: Հայ մշակույթը մի է եղել, որը նաեւ պահապանն է եղել մեր ազգային ինքնության: Եվ այդ մշակույթը պահել են այնպիսի ջահակիրներ, ինչպիսին եղել է Վահան Թեքեյանը»:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, Լոնդոնի «Թեքեյան Խնամակալ մարմնի» պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը (Լոնդոն) ողջունելով եւ շնորհավորելով թեքեյանցիներին ու մյուս ներկաներին կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անունից, մանրամասնեց, թե ինչպես կայացավ նման կենտրոնի հիմնման գաղափարը: Այնուհետեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր սիրահոժար արձագանքեցին ու աջակցեցին ծրագրի իրականացմանը: «Այս արժեքավոր ծրագրի իրականացմանը մեծապես օգտակար եղան,- նշեց պրն Ուզունյանը,- հայրենի պետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, քաղաքապետ Համբարձում Գալստյանը եւ հատկապես Գեղամ Ղարիբջանյանը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ այս մասնաշենքի իրականացումըՙ վերաշինման աշխատանքները մինչեւ 1997-ի հոկտեմբերի 7-ըՙ կենտրոնի պաշտոնական բացումը»: [*]
Այնուհետեւ պրն Ուզունյանը մեկիկ-մեկիկ նշեց այն բոլոր բարերարների անունները, որոնց նվիրատվությունների շնորհիվ իրականացավ ծրագիրը: «Օգտակար եղավ նաեւ Ամերիկայի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական մարմնի անդամ պրն Երվանդ Ազատյանի կողմից կազմակերպված ԹՄՄ-ի մասնաճյուղերի կողմից դրամահավաքի աշխատանքը», շեշտեց պրն Ուզունյանը եւ կրկին շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին ու աջակիցներին: Անցած տարիների ծրագրերը հատ-հատ նշելուց զատ, նշեց նաեւ այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերը Թեքեյանի անունը կրող հինգ դպրոցներում: Իսկ առաջիկայում ծրագրված էՙ վերականգնել «Վ. Թեքեյանի պուրակը»ՙ կենտրոնին հարակից տարածքում, որտեղ եւ կկանգնեցվի Թեքեյանի արձանը:
ԱՄՆ-ի եւ Կանադայի կենտրոնական վարչության անունից ողջունեց ու հոբելյանի առիթով շնորհավորեց վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը : Նա ասաց. «ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչությունը, ամբողջական նվիրումով իր մասնակցությունը բերեց Թեքեյան կենտրոնի կառուցմանը, որը խորհրդանշում է Թեքեյանի միասնականության սիմվոլը հայրենի հողում: Եվ մենք այսօր այստեղ ենք, հպարտությամբ եւ թեքեյանական հավատքով համախմբվել ենք հայրենական այս տան մեջ»: Նա գնահատանքի հատուկ խոսք ասաց նաեւ Հայաստանի ԹՄՄ-ի նախագահ Ռուբեն Միրզախանյանի եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հասցեին: Այնուհետեւ ողջույնի խոսքեր ասացին Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» նախագահ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տեր եւ տիկին Կարո եւ Սեւան Գրիգորյանների դուստր Սիլվա Գրիգորյանը (Ֆրանսիա) եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, որոնք նույնպես շնորհակալություն հայտնեցին ու շնորհավորեցին բոլոր այն անձանց, ովքեր նախաձեռնեցին, աջակցեցին ծրագրի իրականացմանը:
Քիչ անց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոբելյանական հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնվեցին այն նվիրյալ հայրենակիցներին, ովքեր մեծ ավանդ ունեն Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում: Պարգեւատրվողների ցանկում էինՙ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը: Պարգեւատրվածները բարձր գնահատեցին մայր հայրենիքում նման մշակութային օջախի գործունեությունն ու մաղթեցին նորանոր հաջողություններ ի շահ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման:
Հանդիսության պաշտոնական մասից հետո սկսվեց գեղարվեստական ծրագիրը, որի ընթացքում ելույթներ ունեցան Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվ. դպրոցի երգչախումբըՙ խմբավար Մարիետա Մկրտչյան, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Թեքեյանի դպրոցի աշակերտուհիները, Երեւանի Թեքեյան դպրոցի սան, «երգի դեսպան» Ալբերտ Ասատրյանը, եւ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Թեքեյանի անվ. թիվ 1 դպրոցի երգչախումբըՙ խմբավար Սվետա Ղարագյոզյան: Ներկաներին իրենց հրաշալի կատարումներով շնորհավորեցին ՀՀ վաստ. արտիստներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), «Կարին» ավանդական երգի եւ պարի խումբը (գեղղեկՙ Գագիկ Գինոսյան) եւ «Արեւներ» մանկապատանեկան անսամբլը (գեղղեկՙ Արմեն Դիվանյան): Հոբելյանական հանդիսության հանդիսավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը ասմունքեց Վահան Թեքեյանի, Համո Սահյանի, Ավ. Իսահակյանի ստեղծագործություններից ու նաեւ Փ. Թերլեմեզյանի «Վերջին այցելությունս Կոմիտասին» հուշը:
Երեկոն ավարտվեց ուրախ շուրջպարով, որին միացան աշխարհի տարբեր ծայրերից ժամանած թեքեյանցիները: Եվ այստեղ տեղին է հիշել մեծ բանաստեղծ Թեքեյանի խոսքըՙ - Կեանքեն ինձի ի՞նչ մնաց, ինչ որ տուի ուրիշին, տարօրինակՙ այն միայն...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
* Ի դեպ, պրն Ուզունյանի ներկայացրած երախտավորների ցուցակը խիստ պակասավոր է. Թեքեյան կենտրոնի արտոնագրման եւ կառուցապատման գործում կարեւոր դեր են ունեցել նաեւ ՀՀ առաջին վարչապետ Վ. Մանուկյանի կառավարությունում փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանը, քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, ճարտարապետ Օլեգ Շոկորեւը, շինարարության պատասխանատու Հենրիկ Սողոմոնի Հարությունյանը, «Ազգ»-ի տնօրեն Սարգիս Սարգսյանը, բժիշկ Հարութ Դանիելյանը եւ ուրիշներ: Խմբ.: