Հովհաննես Գրիգորյանը 20-րդ դարի 60-ական թվականների վերջին հրապարակ եկած բանաստեղծական սերնդի նշանակալից անուններից մեկն է: Իր սկզբնավորման շրջանից սկսած Գրիգորյանի պոեզիայի գլխավոր յուրահատկությունը «օրինազանցություն է», որ նոր ժամանակ է ստեղծում, այնուհետեւ` անհատական սուր ներքին տեսողությունը, որ, սահմանազանցելով «կարգը», նոր կարգ է սահմանում... Սա գրական անվանիներին (որպեսզի ուրիշ բառ չասենք) վերուստ տրված ճակատագիր է, որ Պարույր Սեւակը իբրեւ կտակ սահմանում է` ասելով` «Ամենից առաջ ես հայր եմ եղել...»: Հովհ. Գրիգորյանն էլ, հետսեւակյան սերնդի անունից կարող է նույնն ասել, թեեւ իր նոր հրապարակած գրքում, հոր խորհրդով հորդորում է եւ կտակում` «երբեք չմեռնես- ահա թե ինչ կասեմ քեզ...»:
Հովհ. Գրիգորյանը քառասնամյա գրական ճանապարհ է անցել արդեն, եւ անցած ճանապարհի վայրկյաններն անգամ ապրված են նրա պոեզիայում, ժամանակի նշաններն արտահայտված նրա գրքերում: Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրապարակվել է 1975-ին, որին հաջորդել են «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրեւ մի տխուր առիթով» (1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), «Կես ժամանակ» (2002) ժողովածուները, «Գիշերահավասար» հատընտիրը (2005), մանկական բանաստեղծությունների գրքերը, թարգմանություններ իսպանալեզու գրականությունից, որոնցից նշանակալից են Կառլոս Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի մահը» (1979), Խուլիո Կորտասարի «Վիճակախաղ» (1983) վեպերը, Ֆ. դե Ռոխասի «Սելեստինա» (2007) դրաման, Խ. Օրտեգա-ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայությունը» (1999):
Հովհ. Գրիգորյանի բանաստեղծություները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, պարսկերեն, արաբերեն, չեխերեն, ռումիներեն, լեհերեն... Արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների: 1998-ին պարգեւատրվել է Մ. Խորենացու անվան մեդալով, 2002-ին նրան շնորհվել է «Վահագն» մրցանակի դափնեկրի կոչում:
Հովհ. Գրիգորյանի պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը եւ գալիքը... Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը: Պոետի այն նոր կերպարը, որ ստեղծել է Հովհ. Գրիգորյանը դեռեւս «Աշուն» (1967) բանաստեղծությամբ, ոչ թե ժամանակի կեղծ երկվորյակն է, այլեւ կրում է իր էության մեջ ժամանակի ամբողջությունը` իրական-անհերքելի, պարոդիկ-երգիծական եւ ողբերգական... Այնպես որ, Հովհ. Գրիգորյանի պոեզիայում աշխարհը, կյանքը ունի քնարական, դրամատիկ, ողբերգական երանգներ, որոնք այնքան միասնական են ու անանջատելի: Ուստի «անժամանակ» մեր ժամանակում (ինչպես բանաստեղծն է ասում` «կես ժամանակում») նրա պոեզիայի արժեքը ճանաչողական բացառիկ նշանակություն ունի, ներքին էներգիա, ինչպիսին մեր ապրած դարը եւ վայրկյանը` «դանդաղ ժամերը», դարը` հայտնված «երկու ջրհեղեղի արանքում»...
Հովհաննես Գրիգորյանի պոեզիան ունի իր ճանապարհը, ներքին վիթխարի էներգիան, բացահայտվելու լիցք եւ նոր շերտեր, որի ներկայությունը ամենանշանակալիցներից մեկն է արդի հայ պոեզիայում:
ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Օգնենք փրկել բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի կյանքը
Հայ ժամանակակից հանրահայտ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Նրան հնարավոր է փրկել միայն գերմանական կլինիկաներից մեկում: Բուժումն արժե 50 000 դոլար: Մեզ անհրաժեշտ է բոլորի օգնությունը: Որեւէ չափի օգնություն խիստ կարեւոր է մեզ համար:
Հեռախոսՙ 56 41 42, 094 49 76 01
Հաշվեհամարներՙ (ՊրոԿրեդիտ բանկ) AMD 253090017430- 0090
$ 253090017455-0091
EUR 253090017448- 0092