Թբիլիսիում կան բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվումՙ Հայ առաքելական եկեղեցիներ, այնտեղ կան նաեւ մահմեդական մզկիթներ, գետեր, լեռներ, հին ամրոցներ, դրանց կիսափլուզված պարիսպներ, կա անգամ «Եվրոպական այգի», ամենուր` Եվրոմիության դրոշներ, առկա են նաեւ «համով ռեստորաններ», յուրահատուկ ոճով երիտասարդներ: Վրաստանի մայրաքաղաքում ներկա է նաեւ SOCAR-ը, գործում է վրաց-ադրբեջանական համատեղ բանկը, բազմաթիվ արտասահմանյան մակնիշի մեքենաներ, ու նաեւ գնչուներ... Սակայն, չգիտես ինչու, չկա գիտակցություն, թե Թբիլիսում կա ամեն ինչ...
Հայերին Վրաստանի մայրաքաղաքում կարելի է բաժանել 3 խմբի. հայեր, որոնք Թբիլիսիում են մի քանի ժամով կամ օրով, հայեր, որոնք այստեղ ժամանակավոր աշխատում են, եւ թիֆլիսահայեր: Վերջիններիս կարելի է հանդիպել հայկական եկեղեցիներում, տաքսու վարորդի դերում, որպես փոքրիկ խանութների սեփականատերեր, հանդիպում են նաեւ հարգի ռեստորանների սեփականատեր թիֆլիսահայեր: Նրանք հասկանում են հայերեն, խոսում են, սակայն հաճախ են օգտագործում` ռուսերեն բառեր կամ նախադասություններ: Տիկին Մարին եւ Ռիտան բնիկ թիֆլիսցի են. առաջինը Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու հավաքարարն է, Ռիտան` նույն եկեղեցու մոմավաճառը:
«Օրական հազիվ` 10 մոմ...»
Սուրբ Գեւորգի բակը մարդաշատ էր. երկու երիտասարդ` վրացերեն ակտիվ զրուցելով գարեջուր էին վայելում, երկու կին էլի վրացերենով զրուցում էին եկեղեցու դիմացի նստարանին, օտարերկրացի` հավանաբար ամուսիններ, երկու տարեց մարդ լուսանկարվում էին եկեղեցու ֆոնին, իսկ տիկին Մարին սրբում էր եկեղեցու դիմացի անվանի հայ եւ ռուս գործիչների շիրմաքարերը:
«Երբվանի՞ց եք Թբիլիսիում», հարցնում եմ տիկին Մարիին. «Այստեղ եմ ծնվել, թիֆլիսցիների աղջիկ եմ, Հավլաբարում տուն ունեինք, բայց ամուսնուս մահից հետո, երբ որդիս մեկնեց Ռուսաստան, տունը, կարիքից ելնելով, վաճառեցի: Հիմա եկեղեցում եմ ապրում»: «Ինչպե՞ս եք զգում Թբիլիսում ձեզ». «Ի՞նչ ասեմ. չե՞ք լսում Վրաստանից ինչ են պատմում, ո՞նց պիտի զգամ...»: Հայաստան գալու մասին հարցիս տիկին Մարին պատասխանեց. «Հա, ես հայ եմ, բայց սա է իմ քաղաքը, իմ հայրենիքը: Գամ Երեւան որտե՞ղ պետք է ապրեմ»:
Եկեղեցու ներսում երկու-երեք վրացիներ էլ կային, մեզ հետ հայկական Սուրբ Գեւորգ մտան նաեւ արտասահմանցի ամուսինները:
Մոմավաճառ Ռիտան նույնպես թիֆլիսահայ է, նրա ծնողներն ու պապերը նույնպես այդ քաղաքում են ծնվել ու ապրում: Ռիտան, հասկանալով, որ հայ ենք, սկսեց հայերեն զրուցել մեզ հետ` մեկ մոմի համար պահանջելով 25 տետրի: Ռիտան ամուսնացած է վրացու հետ, ամուսինը չի աշխատում, տանը խոսում են հիմնականում վրացերեն, միայն դստեր հետ երբեմն Ռիտան հայերեն է խոսում. «Մի քիչ հասկանում է հայերեն բառեր», դստեր մասին պատմում է Ռիտան: «Քանի՞ մոմ եք վաճառում օրական», հարցնում եմ մոմավաճառին. «Լինում էՙ 10 հատ: Հայկական եկեղեցի շատ քչերն են գալիս: Արտասահմանցիներից շատերն են հասկանում, որ սա ոչ թե վրացական, այլ հայկական եկեղեցի է, բուն թիֆլիսահայերն անգամ հազվադեպ են այցելում հայկական եկեղեցիներ», պատմում է Ռիտան: Մոմավաճառի հետագա պատմությունը անիմաստ դարձրեց իմ հարցը իրեն. «Ինչպես ասացի` ամուսինս վրացի է, աղջիկս այստեղ վրացական դպրոց է գնում, հայրս մահացավ, մայրս այստեղ է ապրում, ծանոթներս այստեղ են, անկախ ամեն ինչից` Թբիլիսին իմ հայրենի քաղաքն է: Ասեմ, որ այստեղ ես այնքան էլ չեմ զգում, թե հայրենիքում չեմ ապրում, երեւի դա գենետիկ ինչ-որ բան է... հայկական Թիֆլիսը»:
«Ուրիշ բան, որ մզկիթ գնայի...,
Այսօրվա «հայկական Թիֆլիսի» վառ ներկայացուցիչները տաքսիստներն են: Երկու որդիների հայր Դավիթը, որին Թբիլիսիում Դաթո են անվանում, իր վրացական փոքրիկ դրոշով մեքենայով մեզ հասցրեց մեր նախընտրած վայրը` ճանապարհը փոքր-ինչ երկարաձգելով ու դրա համար 4 լարի պահանջելով: Դավիթը կամ Դաթոն բարձր սակագինը պայմանավորեց հանգամանքով, որ «այստեղ բոլորը բենզինով են քշում». «Կգամ Երեւան, գազ կդնեմ, էտ ժամանակ էժան կքշեմ», ասաց նա: Դաթոն աշխատանքային պայմաններից գոհ է, ամեն օր ունենում է առնվազ 7-8 հաճախորդ, երբեմն հանդիպում են օդանավակայան, ավտոկայան, այլ քաղաքներ մեկնել ցանկացողներ` բնականաբար ավելի բարձր սակագներով: Վարորդի երեխաները նույնպես սովորում են վրացական դպրոցում, Դաթոն թիֆլիսահայ հոր եւ ջավախեցի մոր զավակ է, նա հայկական եկեղեցի չի գնում. «Ի՞նչ եկեղեցի. նախ ես ժամանակ չունեմ` ամբողջ օրը` ղեկին եմ, բացի էտ, ես այդքան էլ չեմ հասկանում` ի՞նչ տարբերություն հայկական եկեղեցի, թե՞ վրացական, քրիստոնեությունը քրիստոնեություն է. ուրիշ բան, որ մզկիթ գնայի...», արդարանում է Դաթոն: «Իսկ այստեղ հայերի նկատմամբ ինչ-որ ծայրահեղական տրամադրություններ կա՞ն», հարցնում ենք վարորդին: «Որ ասեմՙ հեչ չկան, սխալ կլինի, բայց էնպես չէ, որ ճնշում են: Մեկըՙ ես, հայ տաքսիստ եմ, շատերն ինձ գիտեն, նույնիսկ մշտական հաճախորդներ ունեմ... չէ, ավելի շատ ամեն ինչ նորմալ է, քան հակառակը», մեքենայում վրացական «դուլի-դուլի»-ի ձայնը փոքր-ինչ ցածրացնելովՙ պատասխանում է Դաթոն: Վերջինս նույնպես իրեն չի համարում օտար քաղաքում ապրող հայ. «Ես իմ տանն եմ: Համարյա ամեն ամիս հաճախորդ եմ բերում Երեւան, էնպես չէ, որ Հայաստանից կտրված եմ, բայց Թբիլիսին իմ քաղաքն է..»:
«Պահի կենացը»
Դաթոն մեզ հասցրեց ռեստորան` բացառապես վրացական խոհանոցով: Անկեղծ ասած` մենք դժվարացանք Երեւանում հիշել որեւէ ռեստորան, որը բացառապես հյուրասիրում է հայկական խոհանոցի ճաշատեսակներով: Ինչպես հաջողվեց պարզել` ռեստորանը հայ սեփականատեր ուներ: Վերջինիս հետ զրույցում պարզեցինք, որ հաճախորդների պակաս երբեք չի զգում. «Իսկ ինչո՞ւ ճաշացանկում չեք մտցնում նաեւ հայկական ճաշատեսակներ» հարցին սեփականատեր, 38-ամյա Գեւորգը պատասխանում է. «Դե գիտեք, Թբիլիսիում հիմնականում նախընտրում են բոլորը հենց վրացական խոհանոցը` արտասահմանցիներն էլ, հենց վրացիներն էլ... կարծում եմՙ հայկականը եկամտաբեր շատ չի լինի»:
Մեր հարեւան սեղանից լսեցինք հայերեն խոսք. երեք տղամարդ, որոնք հայերեն էին խոսում, նստած էին ուկրաինացի աղջկա հետ: Վերջինիս ազգությունը հասկանալի դարձավ, քանի որ տղաները հարցուփորձ էին անում Ուկրաինայից: Ի դեպ, տղաների խոսակցությունից էլ պարզ դարձավ, որ բոլորը Հայաստանից են ու եկել են Թբիլիսի` «հատուկ ուկրաինուհի Դանայի հետ ու հատուկ լավ ուտել-խմելու...»: Տղաներից մեկը, որը ռուսերեն լավ չէր խոսում` հայերեն կենաց առաջարկեց` «Պահի կենացը»... ռեստորանում մենք հարկ չհամարեցինք տալ հարց` «Այցելո՞ւմ եք կամ պատրաստվո՞ւմ եք այցելել Թբիլիսիում հայկական եկեղեցի»:
Եթե Վրաստանի մայրաքաղաքին հայկական հայացքով նայենք, ապա այստեղ, թերեւս չկա հայկական ոգի, կան հայեր, բայց չկա հայություն, կան հայկական եկեղեցիներ, բայց չկան հայ այցելուներ, կան հայկական ռեստորաններ` վրացական խոհանոցներով... եւ կան հայ ընտանիքներ վրացական դպրոցներում սովորող երեխաներով` հայ երեխաներով: Մեղավո՞ր է այստեղ վրաց իշխանությունը, եթե այո, ապա քիչ, «մեղավորին» այլ հասցեում պետք է փնտրել:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Թբիլիսի-Երեւան