Այս տարի լրացավ նորվեգացի գիտնական, բեւեռախույզ, օվկիանոսագետ, հասարակական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի, բացառիկ հնարավորություններով օժտված գիտնականի եւ հասարակական գործչի ծննդյան 150-ամյակը: Նանսենը հայ ժողովրդի ճակատագրում վճռական դեր է խաղացել` Եղեռնից մազապուրծ հազարավոր հայերի համար նանսենյան անձնագրերը ապահովեցին կեցության ու տեղափոխման իրավունք:
Նանսենի ձեւակերպմամբՙ մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են երիտթուրքերի արածի համեմատությամբ:
Նանսենի 150-ամյակին նվիրված Ազգային գրադարանում երեկ տեղի ունեցավ միջոցառում, որի շրջանակում բացվեց Նանսենին նվիրված հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, նորվեգերեն, ֆրանսերեն գրականության եւ մամուլում տպագրված հոդվածների ցուցահանդեսը:
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 9-ին, մեկ ամիս ուշացումով, տոնվելու է Նանսենի 150-ամյակը, որի շրջանակում Հայաստան կժամանի Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեին: Այդ օրը նախատեսվում է կանգնեցնել Նանսենի արձանները` Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, Նանսենի փողոցում եւ Նանսենի անվան դպրոցի ու մանկատան առջեւ: Վանաձորում կբացվի Նանսենի թանգարանը: Կկատարվի նաեւ համերգային ծրագիր, որին կմասնակցեն հայ եւ նորվեգացի արվեստագետներ, կհնչեն նորվեգացի եւ հայ կոմպոզիտորներ Էդվարդ Գրիգի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, կազմակերպությամբ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի: Ինչ վերաբերում է ՀՀ-ում եւ Սփյուռքում նանսենյան անձնագրեր ունեցող մարդկանց տվյալների բազա ստեղծելուն, Ֆելիքս Բախչինյանն ասաց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը այդ նախաձեռնությամբ չի զբաղվում: Բախչինյանը հավելեց, որ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումները տեղի են ունենում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախաձեռնությամբ, եւ պետական աջակցություն չեն ստացել:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ