«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2011-09-10 | #161, 2011-09-13 | #162, 2011-09-14


«ՆԱՐԵԿԱՑԻ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՇԻՈՒՄ

Մարդու հոգին բաց տարածքներում ավելի մոտ է զգում իրեն բնությանը, տիեզերքին: Մեծ քաղաքներում, ուր բնությունը բարձրահարկերի ու քաղաքային քարե պատերի հետեւում է մնում, երբ աչքի, հետեւաբար` ավելի խորքային ընկալման համար բնապատկերի տարածությունները կրճատված են, հոգին կծկվում, դառնում է մի բուռ, դառնում է խեղճ, կորացած: Ահա այդպես կորցնում ենք տիեզերքի զգացողությունը, մեզ բնության, մեծ տարածությունների, տիեզերական համակարգի մասը լինելու զգացողութունը: Այսպես մեծ քաղաքների բնակիչներս մանրանում ենք, ընկնում փոքր կրքերի եւ նպատակներ հետեւից, չենք տարբերում երկրորդականը գլխավորից, ու անգամ գնում ենք հաճախ մեղքի հետքով: Իսկ ահա հովտի, անտառի, սարի բնակիչն իրեն կարող է աշխարհի կենտրոնում զգալ` զարմացնելով մեզ: Այս զուգահեռը ծնվում էր Շուշիում, որտեղ բնությունը, սարը, անտառը սկսվում են բնակարանի, տան հետեւի պատից, ու սա շուշեցիների, հատկապես արվեստին մոտ կանգնած մարդկանց մեջ տիեզերքի բնակիչն ու աշխարհի կենտրոնը լինելու զգացողությունն է ծնում: Ահա մենք էլ Շուշիի մի քանի վայրերում, ասենք, Հովիկ Գասպարյանի արվեստանոցում, Շուշիի երկրագիտական թանգարանում կամ «Նարեկացի» արվեստի միությունում այդ զգացողությունն ունենում էինք, դա մեզ փոխանցվում էր այդ վայրերի տեր մարդկանցից:

Երեւանում գործող «Նարեկացի» արվեստի միության կենտրոնի մշակութային միջոցառումներին շատերս մասնակից ենք եղել դեռ 2004 թվականից, սակայն շատերս էլ չգիտենք, որ Շուշիում եւս միությունը ձեռնարկներ ունի, եւ Շուշի այցելող հյուրերին, ի թիվս Շուշիի արժանահիշատակ տեղերի, անպայման խորհուրդ են տալիս այցելել «Նարեկացի» կենտրոն... Շուշիի կենտրոնը ստեղծվել է մի հին, ավերված շինությունը շատ գեղեցիկ ոճով վերակառուցելով, ներգրավելով տարածաշրջանի հայտնի ճարտարապետների եւ դիզայներների: Ստացվել է արտաքնապես Շուշիի ճարտարապետական ոճը պահած, սակայն եվրոպական ներքին հարդարմամբ մի կառույց, ընդ որում` մուտքի հարթակն այնքան լայն է, որ միջոցառումների օրերին վերածվում է գեղեցիկ ձեւավորված բեմահարթակի: Շենքի դիմացի այգում տասնյակ նորավարտ արձաններ ու քանդակներ կային: «Միջազգային սիմպոզիումի ժամանակ քանդակագործների արածն է` Շուշիին նվեր», ասում էին շուշեցիք:

  Նառա Ավանեսյանը կամ տարածքի «շտապ օգնությունը»ՙ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի գործադիր տնօրենը, պատմեց, որ օգոստոսի 31-ին «Նարեկացի» միության Շուշիի կենտրոնը 5 տարեկան դարձավ, ու դա կարծես նշանավորվեց նաեւ քանդակի միջազգային սիմպոզիումով: Ընդհանրապես սիմպոզիումը նվիրված էր Հակոբ Գյուրջյանի 130-ամյակին, աջակցել են Հայաստանի եւ Արցախի մշակույթի նախարարությունները` սնունդը եւ կեցությունն իրենց վրա էին վերցրել: Քարերը Base Metals-ն էր տրամադրել: Իտալացի քանդակագործներին գլուխ գլխի բերել եւ Շուշի էր բերել Իտալիայում բնակվող, ծնունդով Երեւանից Վիգեն Ավետիսյանը, հիմնական մասնակիցները նրանք էին, ինչպես նաեւ 4 արցախցի, 1 երեւանցի քանդակագործ քանդակներ ստեղծեցին: Սիմպոզիումը ծրագրով 10 տարի շարունակ պետք է կայանա, սա առաջին տարին էր: Ծրագրի ընթացքում 150 քանդակ նվազագույնը պետք է իրականացվի Շուշիի համար: Արդեն արված քանդակները շուտով պետք է տեղադրվեն Շուշիի կենտրոնում: Սիմպոզիումին աջակցած Շուշիի «Նարեկացի» կենտրոնի տնօրենը հաճույքով է պատմում այս բոլորը, պատկերացրեք` բարձր մակարդակով 15 արձան այս տարի Շուշիին մնաց, սա շարքային իրադարձություն չէ: Ընդհանրապես Նառա Ավանեսյանը գոհ էր, այս ամառը շատ ակտիվ էր կենտրոնի համար. «Ունեինք ճամբար` ամեն տարի ամառային ճամբար ունենք, հովանավորներըՙ Կանադայից Շամլյանների ընտանիքը, երկու երեխաներով գալիս են, եւ ճամբար ենք անում, որին 150-ից ավելի երեխաներ են մասնակցում, տարի է եղել, որ 350 երեխա է եղել ճամբարում»:

Իսկ ընդհանրապես` Շուշիի կազմակերպությունը հիմնականում երեխաների ազգային ու մշակութային դաստիարակչական գործով է զբաղվում, ունի 13 խմբակ` նկարչություն, մանրանկարչություն, թատրոն, ասմունք... «Արվեստի դպրոցի դեր ենք ստանձնել, բայց հատուկ ծրագիր չունենք, մեզ մոտ ազատ է բոլորի համար, ունենք նաեւ հաշմանդամ ու հատուկ խնդիրներով երեխաներ»:

Կենտրոնի ֆինանսավորումը Նարեկ Հարությունյանն ու իր ընտանիքն են իրականացնում, բացի դրանից` Հարությունյան ընտանիքը Քարվաճառի շրջանում հիմնովին սարքել է Քնարավան գյուղը:

«Նարեկացի» միության գաղափարախոսությունը շատ լավ ձեւակերպված է միության բուկլետում. «Տեր կանգնել մեր հարուստ ժառանգությանը, պահպանել օտարների սեփականացնող եւ ոչնչացնող քայլերից, ստեղծել նոր արժեքներ ու ավելի վստահ նայել աշխարհին, ունենալ այս գիտակցությամբ դաստիարակված սերունդ», մի խոսքովՙ միությունը Երեւանում եւ Շուշիում անում է այն, ինչ իր ծրագրի մեջ է դրել` մշակութային արժեքները պահպանելու, արվեստագետներին համախմբելու, առաջին քայլերն անող տաղանդավոր երիտասարդներին նեցուկ կանգնելու ջանքեր է գործադրում` այդպիսով ազատ թեւածող արվեստի ոգու համար շուշեցի երեխաների, ապագա արվեստագետների համար միջավայր ստեղծելով: Այս բոլորի մասին լսելով` հարցեր չտվեցինք, բայց հավանաբար հարցը հայացքի մեջ էր կարդացվում, քանի որ Նառա Ավանեսյանն ավարտեց պարզաբանումով. «Ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունենք` Նարեկին որ տեսնեք, կհասկանաք. ինքն ու իր ընտանիքն այս գործից ոչ մի շահույթ չունեն. բացման օրվանից ես այստեղ եմ աշխատում 5 տարի` կենտրոնից 10 դրամ շահույթ չեն ստացել, ամեն ինչ անում են բարեգործական հիմունքներով»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4