«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2011-09-10 | #161, 2011-09-13 | #162, 2011-09-14


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ»

Վազգենը, Անին, Կարենն ու Թագուհին անկախության սերնդի այն երիտասարդներն են, որ նկարահանվել են անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական տեսահոլովակներում: Նրանց միավորել է ոչ միայն սերը հայրենիքի հանդեպ, այլեւ համոզմունքը, որ Հայաստանը նաեւ իրենք են: Նրանցից յուրաքանչյուրն իր երազանքն ու նպատակն ունի: Դառնալ դերասանուհի, նախագահ, ֆուտբոլիստ, տիեզերագնաց եւ իր հաջողություններով կերտել հայրենիքի ապագան: «Անկախ Հայաստանը մեր տարեկիցն է, եթե մենք լավ սովորենք, շատ աշխատենք ու մեր ներդրումն ունենանք, ապա Հայաստանն ավելի գեղեցիկ կլինի, ավելի հզոր, ուժեղ ու կայացած: Հայաստանը երիտասարդ անկախ պետություն է: Հիշեք, թե որքան ազգեր կան, որ մեզանից քանակով ավելի շատ են, բայց պետություն չունեն, անկախություն չունեն, օրհներգ չունեն: Եթե մենք այսօր չհպարտանանք մեր երկրով, ապա օտարը չի հպարտանա: Իսկ մենք հպարտանալու բազմաթիվ պատճառներ ունենք», ասում են նրանք: Երիտասարդները համոզված են, որ պետության ապագան են, այն ամուր հիմքը, որի վրա վաղը պետք է հենվի փոքրիկ Հայաստան պետությունն ու նոր հաղթանակներ գրանցի: «Հայաստանը մենք ենք», ասում են նրանք ու հավաստիացնում, որ պետության պատմությունը կերտում են նաեւ ֆուտբոլիստի հաղթական գնդակը, դերասանուհու արտակարգ խաղը, դիվանագետի դիպուկ խոսքն ու տիեզերագնացի` Մարսի վրա եռագույնը տեղադրելու քաջությունը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4