Ստեփանակերտում «Ոգի-Նաիրի» հրատարակչությամբ վերջերս լույս է տեսել աշխարհահռչակ բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների ստվար ընտրանին` «Տեղատարափի շաչյունը» խորագրով: Հրատարակչական բարձր ճաշակով կազմված ժողովածուում տեղ են գտել Բրոդսկու բանաստեղծությունների հին ու նոր թարգմանությունների ծավալուն շարքերը, ինչպես եւ բանախոհական որոշ գործեր: Ռուս գրողի պոեզիան հայերեն է փոխադրվել ճանաչված բանաստեղծներ ու թարգմանիչներ Ներսես Աթաբեկյանի, Հրանտ Ալեքսանյանի, Ավագ Եփրեմյանի եւ Շանթ Մկրտչյանի աշխատասիրությամբ: Նրանցից յուրաքանչյուրը մատուցել է«իր» հայագույն Բրոդսկին: Նրա գրական ու քաղաքացիական կերպարի մասին ուշագրավ դիտարկումներ են արել հանրահայտ բանաստեղծներ, լեհ Չեսլավ Միլոշը եւ իռլանդացի Շեյմուս Հինին, որոնց խոհերը նույնպես տեղ են գտել հատորում:
Գրքի կազմող եւ խմբագիր Հ. Ալեքսանյանի առաջաբան խոսքում ի մասնավորի նշվում է, որ Բրոդսկին 20-րդ դարի թերեւս խոշորագույն եղերերգուն է, որ տիպականացրել եւ բանաստեղծական մշակման է ենթարկել ժամանակի կատակլիզմները: «Նա գրում էր` առօրեական մանրամասներից արտածելով մշտատեւության բանաձեւերը»:
Բրոդսկին հայ ընթերցողի համար հետաքրքիր է ոչ միայն իր բանաստեղծական տաղանդով, այլեւ ժամանակի հայ իրականության հետ ունեցած առնչություններով:
ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ