«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ` ԼԱՎ, ՉԻ ԼԻՆԻ` ԱՎԵԼԻ ԼԱՎ

Մի երկուսուկես ամիս միատեղ չէինք լսել մեր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին ու անգամ քիչ էր մնում հասցնեինք մոռանալ նրանց բառապաշարը: Երեկվա ԱԺ ճեպազրույցները լրիվ նորոգեցին մեր հիշողությունը: «Ազգը», սակայն, ողջ խոսաշարից մի քանի հետաքրքրական պահ կջոկջկի ընթերցողի համար: Օրինակ` իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սնանկ է համարել այն միտքը, թե երկխոսությունից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը. «Երկխոսություն կլինի` ավելի լավ, չի լինի` ժողովուրդը կապրի, կարարի, ի՞նչ է պատահել», ասաց նա` հավելելով, թե ով` ինչ պայմաններում կուզենա երկխոսել, դա իրենց ռազմավարությունն է: Իսկ թե մինչեւ Տիգրան Առաքելյանին ազատելու ՀԱԿ-ի դրած նոր ժամկետը` սեպտեմբերի 30-ը, իշխանությունը պատրա՞ստ է կատարելու պահանջը, այս հարցին Գ.Սահակյանը պատասխանեց «ոչ»-ով, քանի որ այդ խնդիրը լուծելու է այլ մարմին, քաղաքական լուծում այդ դեպքում լինել չի կարող: Իսկ այդպիսի վերջնաժամկետի սահմանումը պրիմիտիվ սցենար է: Բայց եւ խոստացավ օրենքի շրջանակում հետեւել, որ ազատազրկված երիտասարդը ճակատագրի հարվածներ չստանա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին հարցրին «Վիկիլիքսում» հրապարակված Ռոբերտ Քոչարյանի այն ասածի մասին, թե ԲՀԿ-ն մեկ անձի շուրջը ձեւավորված կուսակցություն է: Ա. Սաֆարյանը ոչ միայն չարդարացավ, այլեւ հաստատեց. թե` այո, ԲՀԿ-ն Գ. Ծառուկյանի շուրջը համախմբված կուսակցություն է, եւ դա միայն լավ է: Միաժամանակ նա նշեց, թե իրենք կասկածով են վերաբերվում այդ կայքին, քանի որ այնտեղի տեղեկատվությունը տարբեր նպատակներ կարող է հետապնդել: Մի անգամ եւս ԲՀԿ-ի անունից հաստատվեցՙ այս ուժը առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սա ի պատասխան ընտրություններին կոալիցիայի հնարավոր միասնական մասնակցության` ԱԺ նախագահի ասածի վերաբերյալ հարցի: Իսկ մի այլ ԲՀԿ-ականՙ Սամվել Բալասանյանը, ՀԱԿ-ի հրապարակած 76 գործարար պատգամավորների ցուցակը մեկնաբանելովՙ նշեց, թե յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության խնդիր է դա, իր մասով էլ նկատելով, թե ինքը բիզնեսը թողել է դեռ 1999-ին, իսկ Գյումրիի գարեջրի գործարանն էլ այժմ ղեկավարում են նրա որդիները: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողի` ՕԵԿ-ին ուղղված ՀԱԿ-ի քննադատությունները հիշեցմանը, թե ի՞նչ սրտով է այդ դեպքում ՕԵԿ-ը երկխոսության նստել ՀԱԿ-ի հետ, պատասխանեց, որ ՕԵԿ-ի սիրտը շատ մեծ է, եւ ՕԵԿ-ն էլ մանրախնդիր չէ, եւ առկախված երկխոսությունն էլ պետք է շարունակվի, քանի որ երկխոսությունը միշտ ընդունելի է: Նա նաեւ համարում էր, որ ՕԵԿ-ի վարկանիշն այժմ, ի համեմատ մի երկու տարի առաջվա նվազման, բարձրանում է: ՕԵԿ-ի նախասիրություններից է նաեւ ընտրություններին առանձին գնալը, թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը ՀՅԴ-ի քաղաքական պասիվության մասին հարցին պատասխանելիս ձեւակերպեց, թե ՀՅԴ-ն հիստերիկ քայլեր չի անում, այլ հանգիստ աշխատում է` ուշ սկսելու-տեղ հասնելու եւ ոչ թե շուտ սկսելու-կես ճանապարհին կանգնելու սկզբունքով. «Իսկապես կարելի է տխուր հետեւություններ անել, թե ինչպես Հայաստանում մեծ-մեծ գաղափարներից խոսող քաղաքական անձեր եւ ուժեր տարիներ շարունակ վազել են տարբեր դեսպանատներ` թույլտվություններ ստանալու` ինչ ասեն, ինչ չասեն, ինչ անեն, նույնիսկ նրանց խորհուրդներ են տվել, թե ինչպե՞ս վարվեն մեր երկրի հետ», «Վիկիլիքսի» թեմային այս կերպ հպվեց Արտաշես Շահբազյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4