«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Երեկ «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու Հայաստանում Եվրոմիության պատվիրակությունը կազմակերպել էին ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» եւ «Բավրա» անցակետերի արդիականացմանն ուղղված աշխատանքների մեկնարկին նվիրված համատեղ աշխատաժողով եւ շնորհանդես: Մասնակցում էին Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլք: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը իր հաստատակամությունն է դրսեւորել երկրում սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով 2010-ի նոյեմբերի 3-ին ընդունվեց ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի կառավարման ռազմավարությունը: Այս ոլորտում նույն` 2010-ից մեր երկրին իր աջակցությունն է ցուցաբերում ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում անկախ միջազգային կազմակերպության կողմից ստեղծվել է ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» եւ «Բավրա» անցակետերի արդիականացմանն ուղղված նախագիծ, որը այս տարվա օգոստոսին ներկայացվել է Հայաստանի ԱԱԽ-ին:

Աշխատաժողովի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց այս նախագծի մեկնարկը. «Սա խոշոր իրադարձություն է. ավարտվել են պետական սահմանի 3 անցակետերի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու աշխատանքները: Բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք սկսել 2012-ի առաջին եռամսյակից, ավարտել` մեկ-երկու, առավելագույնը` երեք տարում», նշեց Բաղդասարյանը` հավելելով, որ արդիականացված սահմանային անցակետերը կնշանակեն սահմանին կոռուպցիոն ռիսկերի էական նվազում, բյուրոկրատական քաշքշուկի բացառում, քաղաքացիների ազատ տեղափոխության եւ բեռնափոխադրման արագ եւ անվտանգ կազմակերպում. այս վերջին առումով` այսօրվա իրավիճակի «շեշտակի բարելավում»: Բաղդասարյանը նաեւ հայտարարեց միջազգային մրցույթ` անցակետերի կառուցման իրավունքը ձեռք բերելու եւ իրականացնելու համար:

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը ՄԱԶԾ-ն է, եւ այս կապակցությամբ նախատեսվում է ՄԱԶԾ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ համաֆինանսավորման համաձայնագրի կնքում: «Շատ լավ է, որ ՄԱԿ-ը պետք է իրականացնի այս աշխատանքները. սա նշանակում է թափանցիկության ապահովվում», ընդգծեց ԱԱԽ քարտուղարը:

«Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինցյանը տեղեկացրեց, թե ինչու անցակետերի շինարարական աշխատանքները չեն կարող իրականացնել հայաստանյան ընկերությունները. «Չեմ պնդի, թե Հայաստանում չկա շինարարական կազմակերպություն, որը չկարողանա կառուցել: Պարզապես համաձայնագրի պայմաններից է, որ այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը անպայման ունենա սահմանային անցակետերի կառուցման, դրանց տեխնիկական ապահովվման եվրոպական անհրաժեշտ փորձ», նշեց Մալինցյանը: Այս մասին իր խոսքում ընդգծեց նաեւ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:

Վերջում ԱԱԽ քարտուղարը կոչով դիմեց համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին` առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները առկա փաստաթղթերի վերաբերյալ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4