«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԶԻՆՈՒԺ ՈՒՂԱՐԿԵԼ ԿԻՊՐՈՍ ՈՒ «ԽՌՈՎԵԼ» ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Կիպրոսը պատրաստվում է զբաղվել իր շելֆի ածխաջրածնային պաշարների հետազոտմամբ: Նպատակադրումը Կիպրոսը կարող է շուտով իրագործել, չնայած այդ առնչությամբ Թուրքիայում մեծ իրարանցում է սկսվել` Կիպրոսի մտադրությունների առնչությամբ դժգոհությունն անգամ սպառնալիքների համատեքստում արտահայտելու տարբերակով:

Կիրակի` սեպտեմբերի 18-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ չնայած Թուրքիայի բողոքինՙ Կիպրոսն, այդուհանդերձ, սկսելու է էներգակիրների հետախուզման աշխատանքները: «Մի քանի օրից կսկսվեն հետախուզական հորատման աշխատանքները», միջազգային լրատվամիջոցների ներկայացմամբ` հայտարարել է Խրիստոֆիասը: Ըստ նախնական տեղեկատվության, հորատման աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին:

Կիպրոսի նախագահը կատարելիք քայլերը հիմնավորել է որպես Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունք, ինչը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դեռեւս շաբաթ օրը` սեպտեմբերի 17-ին արած հայտարարությունների համաձայն, Թուրքիան որպես «սադրանք» է ընկալում Կիպրոսի` էներգակիրների հետախուզման աշխատանքներ սկսելու քայլը, քանի որ, ըստ Թուրքիայի, «կիպրական շելֆը բաժանված է հույն-կիպրացիների եւ թուրք-կիպրացիների միջեւ ու չի կարող օգտագործվել միայն հույների կողմից»:

Այս հիմնավորմամբ էլ Թուրքիան անցել է սպառնալիքների լեզվին, հայտարարելով, թե նախ ռազմական ուժ կուղարկի Կիպրոս (իբր չունի այնտեղ բավարար զինուժ) եւ որպես Կիպրոսում երաշխավոր երկիրՙ «կխոչընդոտի» հետախուզման աշխատանքներին` օգտագործելով «միջազգային իր պարտավորություններով ընձեռված հնարավորությունները»: Ավելին, Կիպրոսի կողմից հետախուզական հորատման աշխատանքների սկսելու դեպքում Թուրքիան սպառնում է ինքն էլ նման աշխատանքներ ծավալել Միջերկրական ծովի` «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հատվածում:

Կիպրոսին առնչվող մեկ այլ հանգամանք էլ հերթական առիթն է դարձել Թուրքիայի համար` ձեւավորելու Դավութօղլուի «Զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարի հետ առնչություն չունեցող սպառնալիքը: Խոսքը 2012-ին Եվրոմիության նախագահի դերում Կիպրոսին տեսնելու հեռանկարի մասին է: Թուրքիան, ի դեմս փոխվարչապետ Բեշիր Աթալայի, հայտարարել է, թե Կիպրոսի` ԵՄ նախագահությունը ստանձնելու դեպքում «Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ իսկական ճգնաժամ կսկսվի»: Դրա համար էլ Թուրքիան, փոխվարչապետի հայտարարությամբ, կսառեցնի հարաբերությունները Եվրոմիության հետ: Եվրոինտեգրումը ռազմավարական ուղղություն հռչակած Թուրքիան այսկերպ ակնհայտորեն գնում է շանտաժի, ինչպես շատ այլ դեպքերում է վարվում: Ամեն դեպքում, Կիպրոսի նախագահության դեպքում ԵՄ-ի հետ հարաբերությունները սառեցնելու որոշումը, Աթալայի խոսքերով, արդեն իսկ կայացվել է Թուրքիայի կառավարության կողմից:

Նշենք, որ Կիպրոսը կարող է ստանձնել ԵՄ-ի նախագահությունը 2012-ի հուլիսից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4