«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ՀԱՐՎԱԾ ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Վրացական իշխանությունները շարունակում են հալածանքները հայաբնակ Ջավախքում: Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի` նախորդ շաբաթավերջին տարածած հայտարարության համաձայն, վրացական իշխանությունների կողմից մասնավորաբար իրականացվում են ուսուցիչների ապօրինի եւ զանգվածային հեռացումներ դպրոցներից:

«Այս դեպքում համեմատաբար երիտասարդների կողքին ծիծաղելի պատճառաբանություններով հեռացվում են նաեւ վաստակավոր եւ բազմամյա մանկավարժներ, որոնց տեղերը մեկընդմիշտ բաց են մնում հայրենի դպրոցներում», ասված է հայտարարության մեջ:

Ըստ այդմ, անվտանգության մարմինների ցուցումներով Վրաստանի ԿԳՆ-ի կողմից Ջավախքի ուսուցիչների այսպիսի մասսայական զտումը հետապնդում է մի քանի նպատակ: «Առաջինը` դիմազրկել եւ աստիճանաբար զոմբիացման միջոցով վրացականացնել հայ դպրոցը: Երկրորդ` կրճատված ուսուցիչների աշխատավարձերի հաշվին մասամբ բարձրացնել մնացյալների աշխատավճարը` եւրոպական կառույցների աչքին թոզ փչելու եւ դրանով իսկ «համապատասխանեցվել» եվրոպական կրթական ստանդարտներին»:

Վրացական իշխանությունները, ըստ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի, չեն կատարել նաեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ ձեռք բերված համաձայնության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները, որոնցից մեկով նախատեսվում էր վերականգնել նախորդ տարի կրճատված հայոց լեզվի ժամաքանակները: «Այն մնացել է նույնությամբ, որն ինչպես մեծ հարված է Ջավախքի դպրոցներին` հայեցի դիմագիծը պահպանելու եւ զարգացնելու գործում, այնպես էլ` վիրավորական քայլ, որն ուղղված էր բարեկամ-հարեւան ՀՀ-ի իշխանություններին եւ պատկան մարմիններին»:

Արձանագրելով այս եւ մի շարք այլ փաստեր` խորհուրդը հայտարարում է, որ Ջավախքում լարված իրադրությունը չի թուլանում, որն այս անգամ թեժացել է կրթա-մանկավարժական շրջանակներում: Ըստ հայտարարության, «այս ամենի ստեղծման եւ երկարաձգման պատճառ են դառնում վրացական իշխանությունների կողմից մեկը մյուսին հետեւող անհեռատես եւ հակահայկական ծրագրերը»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4