«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԲԱՑԱՌԵՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ

Բոլոր այն մարդկանց տվայտանքները, որոնք անկախ Հայաստանի բոլոր գումարումների պատգամավորներին Ազգային ժողովում նախագահ Սարգսյանի ընդունելության հրավերի տակ քաղաքական երկիմաստություններ էին տեսնում եւ կանխագուշակումներ անում` ո՞վ կգա, ո՞վ չի գա, կարծես թե իզուր էին, քանի որ միանգամից ասենք` խիստ ընդդիմադիրներից համարյա մարդ չէր եկել, եթե չհաշվենք մի քանի օդիոզ դեմքերի: Սակայն եկածների մեջ կային մարդիկ, որոնք հետաքրքրություն առաջացրին հատկապես լրագրողների շրջանում, իսկ ընդհանրապես բոլոր գումարումներից էլ բավական պատգամավորներ էին եկել ընդունելության:

Պատմենք այս ներկայանալի ընդունելության ընթացքի մասին. ԱԺ աստիճանահարթակին Հայաստանի նախագահի կողքին էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը: Շնորհավորելով տոնի` «ամենանվիրական ձեռքբերման, մեր անկախ հայրենիքի ծննդյան տարեդարձի» առիթով, նախագահը հիշեց իրենց անձնական սխրանքով նորանկախ երկրի համար ապրելու ճամփա հարթած մարդկանց, որոնց հիշատակին այս օրերին հազարավոր մոմեր են վառվելու, ապա եւ գնահատականներ հնչեցրեց. «Ունեցանք նաեւ կորուստներ ու սխալներ, որոնք մեր չիմացության կամ անկազմակերպվածության արդյունք էին: Այդ սխալների համար առնվազն հարկ է ներողություն հայցել: Անշուշտ, քսանամյա պատանուն այդ ներողությունն ամենեւին էլ պետք չէ, այն հենց մեզ է պետք. մեզ, որ առանձին դեպքերում չկարողացանք պահպանել մեր ընկերների կյանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել բառի բուն իմաստով իրար դեմ ելնել, որ ծննդյան տոնակատարության պահին անգամ տոնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ: Տա՛ Աստված, որ մե՛նք կարողանանք ներել մեզ` ժամանակին հասկանալով ու ուղղելով մեր բոլոր սխալները», ասաց նախագահ Սարգսյանը:

Անցում անելով պատգամավորներին եւ Հայաստանի խորհրդարաններին` նախագահը նշեց խորհրդարանի ուրույն դերը պետության կայացման եւ զարգացման գործում. «Ունեցել ենք եւ ունենք քաղաքական տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, բանավիճել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնության կամ մնացել յուրաքանչյուրս մեր կարծիքին, հասկացել ենք իրար, երբեմն` ոչ: Էականն այն է, որ բոլորիս պետք է միավորեր եւ պետք է միավորի հզոր Հայաստանի պատկերացումը, մեր զավակների համար մեր երազած պետությունը իրական դարձնելու մղումը, եւ համոզված եմ, այս հարցում եղել ենք, կանք ու պիտի լինենք միասնական` անկախ դրան տանող ճանապարհների տարբեր ընկալումներից ու պատկերացումներից...Վստահ եմ` մեր ուժն ու եռանդը պետք է ծառայեցնենք անկախության սերնդին կայացած քաղաքական մշակույթ կտակելու գործին: Քաղաքական մշակույթ, որը կբացառի հանրության տարանջատումը յուրայինների եւ օտարների, որը ենթադրում է առողջ բանավեճ` հանուն պետության եւ քաղաքացու ավելի լավ ներկայի եւ շատ ավելի լավ ապագայի:

Կարծում եմ, որ մեր ողջ հասարակությունը, եւ մանավանդ այստեղ ներկա գտնվող պատգամավորները, ունեն առաքելություն` ձեւավորել քաղաքական պայքարի եւ գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների եւ տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումներն ու անկայունությունը մեր երկրում: Հավատում եմ, որ մեր հասարակությունը բավականաչափ հասուն է դրա համար: Առավել եւս, որ այդ հասունացման ճանապարհին մենք ունեցել ենք ոչ միայն նշանակալի ձեռքբերումներ, այլեւ ունենք դառը փորձ:

Մեր 20-ամյա պետության համար գալիս են եւ մասամբ արդեն եկել են այնպիսի ժամանակներ, երբ մեր սխալները կարող են շատ թանկ արժենալ, բայց կա եւ հակառակը: Դրանք ժամանակներ են, երբ մեր ճիշտ կեցվածքն ու վարքը կարող են սպասվածից անհամեմատ ավելի մեծ դրական արդյունքներ արձանագրել: Արդյունքներ, որոնց արժանի են եւ որոնց սպասում են մեր երկիրն ու ժողովուրդը», խտացված քաղաքական ասելիք դրեց իր խոսքի մեջ Հայաստանի նախագահը, եւ դա բնական է, քանի որ այն ուղղված էր ավելի շուտ քաղաքական հանրույթի, եւ ապա` հասարակությանը:

Նախագահն իր ելույթից հետո օրինաստեղծ աշխատանքին, հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու, ժողովրդավարության կայացմանը բերած նպաստի համար մի խումբ պատգամավորների, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեւորգ Ղարիբջանյանին պարգեւատրրեց «Մխիթար Գոշ» մեդալով: Պարգեւատրվածների մեջ էին ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Վոլոդյա Բադալյանը, Վազգեն Կարախանյանը, Գալուստ Սահակյանը, «Ժառանգություն»-ից` Անահիտ Բախշյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը եւ Ռուբեն Գեւորգյանը, ՀՅԴ-ից` Ռուզան Առաքելյանը, Արտյուշա Շահբազյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, մեծամասնական ընտրակարգով ընտրված Ռուստամ Գասպարյանը, Միքայել Վարդանյանը:

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4