«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կենսագրությանը, գործարար եւ մարդասիրական գործունեությանն է անդրադառնում Ֆելիքս Բախչինյանի հրապարակած նոր գիրքը: Գրքում համառոտ շարադրված եւ լուսանկարներով պատկերված են ընկերության եւ նրա գլխավոր տնօրենի նախաձեռնությամբ իրականացված սոցիալական, առողջապահական, բնապահպանական, կրթական եւ մի շարք այլ ոլորտներում իրականացրած ծրագրերը, ներկայացված են տարբեր ոլորտի, կարգավիճակի, տարիքի, սեռի, մասնագիտության մարդկանց գովեստի խոսքերը Ռալֆ Յիրիկյանի բարեգործական գործունեության մասին:

Ընդգծելով «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենի կիլիկյան (Ադանայի) ծագման մասին, հեղինակը ներկայացրել է նրա անցած ուղին մինչ Հայաստան գալը: Ռալֆ Յիրիկյանը ծնվել է 1967-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Բեյրութի ամերիկյան համալսարան: Ստանալով բակալավրի կոչում, նա սկսել է իր աշխատանքային գործունեությունը նախ Բեյրութում, ապա Քաթարի ու Կիպրոսի ընկերություններումՙ ղեկավարելով այդ ընկերությունների վարչակազմերը: 1999-ին նա զբաղեցնում է «Լիբանսել» ընկերության ադմինիստրատիվ բաժնի տնօրենի պաշտոնը:

2001-ին Ռալֆ Յիրիկյանին առաջարկվեց ղեկավարել «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը: Նա մեկնեց Լեռնային Ղարաբաղ, իսկ 2004-ից արդեն Հայաստանի Հանրապետությունում ստեղծված «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենն էր: Այն ժամանակ քչերն էին հավատում, որ հենց այս ընկերությունն էր Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ թռիչքային զարգացման բերելու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը: Մինչդեռ դա տեղի ունեցավ, ինչը մեծապես պայմանավորված էր Ռալֆ Յիրիկյանի մասնագիտական հմտությամբ եւ պատրաստվածությամբ: Սակայն ընկերության գլխավոր տնօրենը դա բավարար չհամարեց եւ հասարակական գիտակցության մեջ սկսեց ամրապնդել կորպորատիվ պատասխանատվության գաղափարը, ցույց տալով առաջին օրինակը, թե ինչ պատասխանատվություն պետք է ստանձնի բիզնեսը այն երկրի եւ հասարակության նկատմամբ, որտեղ գործում է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4