«Ֆրութֆուլ Արմենիա» 7-րդ միջազգային գյուղատնտեսական համաժողովը երեկ բացվեց Երեւանում: Արդեն ավանդական դարձած համաժողովի նախաձեռնողը արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանն է: Այս անգամ հիմնական թեման խաղողագործությունն ու գինեգործությունն էին: Քննարկումներ են նախատեսվում ֆերմերների կողմից խաղողի բերքի պահպանման, գինու արտադրության, արտահանման, մարկետինգի գործիքների կիրառման վերաբերյալ:
Համաժողովում ելույթ ունեցավ եւ կառավարության մոտեցումները ներկայացրեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը : Ներկայացնելով այս ոլորտում իրականացրած քայլերըՙ նա հայտնեց, որ մասնավորապես սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման նպատակով կառավարության կողմից ներկրվել եւ ֆերմերներին են հանձնվել 2950 տոննա ցորեն, 2000 տոննա գարի, 60 տոննա եգիպտացորեն: Ըստ փոխվարչապետիՙ բարձրացել է բերքատվությունը, կազմելով 1 հա-ից 35-40 ցենտներ, իսկ առավելագույնըՙ մինչեւ 70 ցենտներ: Գյուղատնտեսության աջակցության այլ քայլերից են նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումը, «Զվարթնոց» օդանավակայանում սառնարանային տնտեսության ստեղծումը եւ այլն: Արմեն Գեւորգյանը կարեւորեց գինեգործության եւ կոնյակագործության զարգացումըՙ նշելով այս ճյուղերի արտահանման ուղղվածությունը:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հիշատակեց նախագահի կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը: Նա ընդարձակ էքսկուրս կատարեց Հայաստանում գինեգործության զարգացման պատմությանը, հասնելով մինչեւ այս ոլորտի ներկային ու զարգացման հնարավորություններին:
Համաժողովի շրջանակներում գործարար համագործակցության մասին պայմանագիր ստորագրեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ Արգենտինայի գործարարների միության նախագահ Խոսե Իգնասիո դե Մենդիգուրեն :
Ա. Մ.