Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Այդ առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 19-ին կազմակերպած ընդունելությանը, որին հրավիրված էին առաջին գումարման ՀՀ ԳԽ եւ բոլոր գումարումների ԱԺ պատգամավորները, ես արտակարգ պատահարի պատճառով չկարողացա ներկա գտնվել. Սիսիանի Նորավան գյուղի խաչմերուկում մեր մեքենան վթարվեց:
Մենք հրավիրվել էինք որպես առաջին գումարման ԳԽ պատգամավորներ: Ուրախ եմ, որ ղարաբաղցի իմ նախկին գործընկերներից շատերը կարողացան մասնակցել այդ հիշարժան միջոցառմանը:
Սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինձ հանձնեց «Մխիթար Գոշ» մեդալ: Դա իմ առաջին պետական պարգեւն է:
Բայց ինչո՞ւ եմ «կենսագրական» փաստեր նշում:
Այն պատճառով, որ երբ մենք 1989թ. դեկտեմբերի 1-ին քվեարկում էինք ԼՂԻՄ եւ ՀԽՍՀ վերամիավորման մասին ՀԽՍՀ ԳԽ եւ Արցախի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, անկեղծորեն հավատում էինք, որ դա վերջնական եւ անբեկանելի վճիռ է: Այդ իրավական ակտի ուժով էլ 1990թ. մայիսի 20-ին ԼՂԻՄ-ում անցկացվեցին Հայաստանի ԳԽ ընտրություններ, եւ մենք` մի խումբ արցախցիներ, դարձանք ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:
Դա ծանր, բայց եւ հերոսականորեն հրաշալի ժամանակ էր: Եվ բոլորս դարձյալ հավատում էինք, որ երբ դժվարությունները հաղթահարվեն, մենք կունենանք միասնական հայրենիք:
Քսան տարի հետո մենք երկու տոն ենք նշում` ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի անկախությունը:
Դրա համար է, որ ունեմ ափսոսանքի զգացում: Չէ՞ որ քսան տարի առաջ նաեւ արցախցիներս ենք քվեարկել ՀՀ Անկախության հռչակագրի օգտին` որպես միասնական պետության քաղաքացիների ընտրյալ ներկայացուցիչներ:
Բայց սեպտեմբերյան տոները ներարկում են նաեւ մեծ հպարտություն: Չէ՞ որ, անկախ ամեն ինչից, Արցախն այսօր ազատ է` որպես միասնական հայկական անկախ եւ ինքնիշխան հանրության ու հայրենական տարածքի այլեւս անօտարելի մաս:
Եվ ինչ գեղեցիկ էր լինելու, եթե, ինչպես Ազգային ժողովում կազմակերպված ընդունելությանն իր խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը, տոնական «սեղանին դատարկ աթոռներ» չլինեին:
Դարձյալ ափսոս, որ այդպես չեղավ: «Դատարկ աթոռներ» կային, եւ դա տեսանելի էր անգամ հեռուստատեսությամբ տարածված կադրերից:
Շատ կուզենայի, որ ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանը նշվեր որպես իրավականորեն միասնական դարձած երկրի պետական տոն: Եվ «դատարկ աթոռներ» եթե լինեին, ապա միայն` կյանքի պարտադրանքով: Եվ երբեք` քաղաքական մանրախնդրության:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ