ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Ավարտվեց Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների համահայկական 3-րդ համաժողովը: Համաժողովին «Ազգ» -ը անդրադարձել է: Երեկ կեսօրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կլոր դահլիճում համաժողովի աշխատանքներին մասնակցած սփյուռքյան կառույցների ղեկավարներ, հոգեւոր հայրեր, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին մամուլի ասուլիսին եւ պատասխանեցին լրագրողների հարցերին: Նախարարն ամփոփելով համաժողովի արդյունքներն, ասաց. «Սեպտեմբերի 18-21-ը կազմակերպված Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համաժողովի երկու օրերի ընթացքում եղան 115 զեկույցներ տարբեր թեմատիկ նիստերում, բարձրացվեցին տարբեր հարցեր, որոնց շուրջը կմշակվեն ու սփյուռքին տեղյակ կպահվի, թե ինչ լուծումներ են տրվել ու ծրագրեր են կազմվել: Բոլոր այդ հարցադրումները կդառնան օրակարգայինՙ նախարարության համար եւ ուշադրության կենտրոնում կպահվեն լեզվի, կրթության, հեռուստաեթերներում սերիալների, մամուլի լեզվի եւ շատ ու շատ բարձրացված խնդիրներն ու հարցերը»:
Համաժողովի նախօրեին մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր ու ծաղկեպսակներ դրել, իսկ հետո մասնակցել «Պոլսահայ համայնքի օրեր» միջոցառումներին: Համաժողովն իր աշխատանքներն ամփոփեց ընդունված հռչակագրով, որում նշված են ազգի առաջ ծառացած խնդիրները եւ դրանք միասնական, հավաքական ուժով լուծելու գաղափարը: Միջոցառումները դեռ կշարունակվեն, իսկ արձագանքներն ու արդյունքները պարզ կլինեն առաջիկայում: Միայն մի կարեւոր բան այժմ նշմարվեցՙ քով-քովի էին եկել Սփյուռքի բոլոր կառույցների, կուսակցությունների, քաղաքական տարբեր դիրքորոշումների մարդիկ ու մտահոգ էին մեր երկրում տիրող իրավիճակինՙ կոռուպցիա, արտագաղթ, սոցիալական խղճուկ վիճակ, օրեցօր ահագնացող օլիգարխիա եւ այլն:
«Ազգ» -ի հարցին, թե ի՞նչ տվեց այս համաժողովը, երբ նախորդ երկուսը սոսկ ծանոթության բնույթ էին կրել, Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասաց. «Եթե մենք առաջ գալիս էինք այստեղ ու չկար կառույց, որ մեր հարցերը բարձրացնեինք, այսօր կա սփյուռքի նախարարություն, որին մեր ծրագրերը հստակորեն ներկայացնում ենք եւ ուզում ենք, որ երիտասարդներն իրենց կյանքն այս երկրում կառուցեն:
Կարեւոր է Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդել, եւ այս համաժողովն առաջին քայլերն է անում բարձրացված հարցերին ու խնդիրներին միասնական որոշումներով լուծումներ տալու: Իսկ համաժողովի անցկացումը մեծ հաղթանակ է: Կարեւորն այն է, որ տնտեսական համագործակցության կառույցները գործեն, որոնք մեխանիզմներ են եւ որոնցով հստակ շատ ծրագրեր կիրագործենք, ու այդ խնդրում սփյուռքի նախարարությունը պատասխանատվություն է կրում»:
Ասուլիսին մասնակից հոգեւոր հայրերը ու տարբեր կառույցների ներկայացուցիչները գոհ էին համաժողովի աշխատանքներից եւ նշում էին, որ հնարավոր եղավ համախմբվել ու ներկայացնել թե Սփյուռքի եւ թե հայրենիքի ցավերը, որն էլ հնարավորություն ստեղծեց միասնական գործելու ծրագրեր մշակել:
Հրանուշ Հակոբյանը, պատասխանելով արտագաղթին վերաբերող հարցին, ասաց. «Արտագաղթը պետության հիմնական խնդիրն է. հային հայրենիքում պահելը, իսկ սփյուռքին հորդորել, որ հայրենիքում աշխատատեղեր բացեն, արդեն 600 ընտանիք հայրենադարձվել է: Այսօր Հայաստանում փոքր եւ միջին 4000 բիզնես է գրանցված, որի 80 տոկոսը սփյուռքահայերինն է»: (Որտեղի՞ց է վերցրել տիկին նախարարն այս տվյալը, մեզ անհայտ է մնում: Խմբ.): Պրն Աբրահամյանն ավելացրեց, որ եթե ամեն մի հայ գործարար իր պես մի քանի ներկայացուցիչ ունենա Հայաստանում, տեղյակ լինի, թե հայրենիքում ինչ է կատարվում տնտեսական ոլորտում, մեծ օգնություն ցուցաբերած կլինի: «Ազգ»-ի հարցինՙ ինչ ակնկալիքներ կային համաժողովից եւ ինչ տվեց, նախարարն ասաց. «Ակնկալիքներն ակնհայտ են: Առաջինՙ համաժողովը կայացավ, երկրորդՙ համաժողովը համահայկական բնույթ ստացավ, որին մասնակցում էին երկրի ղեկավարը, երկու կաթողիկոսները, կուսակցությունների, բոլոր համահայկական կառույցների, պետական քաղաքական այրերը, երրորդՙ ստեղծվեց մի ցանց, որտեղ մեկը մյուսին ճանաչեց ու մեկը մյուսից շատ բան սովորեց, 30 առաջարկներ արվեցին, որոնք պետք է զարգացնել եւ միս ու արյուն տալ դրանց: Մյուս համաժողովը կանենք 6000-տեղանոց դահլիճում եւ կընդգրկենք նրանց, ովքեր այս համաժողովին չկարողացան ներկա գտնվել»: Նախարարը նաեւ առաջարկեց մեկ հատուկ օր ընտրել համայն հայության համար ու բոլորին հավաքել մայր հայրենիքում:
Իսկ թե ինչպես եւ որտեղ կտեղավորվեն 7-10 միլիոն հայերը, առայժմ պարզ չէ: