Երբ Եվրոմիությունը նախաձեռնում ու ներկայացնում էր իր արեւելյան հարեւանների համար նախատեսված «Արեւելյան գործընկերություն» նախագիծը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա), որպես հիմնական մոտեցում ներկայացվում էր եվրոպական այն դիրքորոշումը, թե յուրաքաչյուր երկիր դիտարկվելու է ըստ էության առանձին, թեեւ ողջ տարածաշրջանը եւս Եվրոմիության համար ընդհանրական մոտեցմամբ է բնութագրվում:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափ հանդիսացող Եվրոնեսթի վեհաժողովի առաջին հանդիպումը, որ ի վերջո տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության հինգ երկրներից 10-ական պատգամավորի եւ ԵՄ 60 պատվիրակի մասնակցությամբ ու առանց Բելառուսի ներկայացուցիչների, անընդհատ հետաձգվում էր` աշնանից գարուն, գարնանից աշուն տեղափոխվելով: Իսկ երբ ի վերջո կայացավ սեպտեմբերի 14-15-ին Ստրասբուրգում, ընդամենը ապացուցեց, որ մեր տարածաշրջանում ու ընդհանրապես ԵՄ-ի արեւելյան հարեւանների առումով հարաբերությունները դեռեւս որոշվում են ոչ թե առաջ գնալու ցանկությամբ, այլ ամեն հարթակ սեփական շահերին ծառայեցնելու ու, ինչպես ասում են, «իրենց էշը քշելու» համար:
«Ազգը» դեռեւս այս տարեսկզբին էր մի քանի հրապարակումներով անդրադարձել «Եվրոնեսթի» խորհրդարանական ձեւաչափի` հակամարտությունների առումով «տուժած» երկրների քարոզչության հարթակ դառնալու հավանականությանը, ինչն էլ ապացուցեց ստրասբուրգյան հանդիպումը:
Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի առաջին լիագումար նիստի օրակարգում սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք գագաթաժողովին քննարկելու մեկ զեկույցի նախագիծ էր` Արեւելյան գործընկերության հեռանկարների մասին, որն այդպես էլ չընդունվեց: Զեկույցը, համահեղինակությամբ վրացի պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլու եւ ռումինացի պատգամավոր Տրայան Ունգուրյանուի, 60-րդ դրույթով բավական չէ անտեղի հիշեցնում էր հակամարտությունների մասին, դեռ դրանք էլ մատուցվում էին միայն տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքով:
Վրացական այս ձեւակերպումը հաստատապես ադրբեջանցիների ու մոլդովացիների սրտով էր, թեեւ հակամարտությունների կարգավորման միջազգային սկզբունքներին հղում անող ամեն մի սկսնակ գիտի, որ դրանք առնվազն երեքն ենՙ ուժի չկիրառման եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հետ, եթե հատկապես հիշատակվում են որպես հելսինկյան: Բնականաբար, հայկական պատվիրակությունը չէր կարող համաձայնել նման ձեւակերպմանը, իսկ այդ անհամաձայնությանն ընդառաջ եվրոպացիների` դրույթը վերաձեւակերպելու կամ ընդհանրապես հանելու առաջարկները լսելու եւ ընկալելու կարողություն չի դրսեւորվել ադրբեջանական ու վրացական կողմից (մոլդովացիներն առավել առաջադեմ են գտնվել):
Ադրբեջանի ու Վրաստանի պատվիրակների համառությանն ի պատասխան հայաստանյան պատվիրակությունն էլ հարցը վեհաժողովի քաղաքական հանձնաժողովից տեղափոխեց Եվրոնեսթի բյուրո: Արդեն լիագումար նիստում ոչ մի առաջարկ չստացավ անհրաժեշտ ձայների քանակը, հայաստանյան պատվիրակությունը զեկույցի նշված դրույթը Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող խնդիր որակեց ու պահանջեց կոնսենսուս: Դրան, իհարկե, չհասան ու այդպիսով զեկույցը չընդունվեց, եւ ըստ այդմ` չի ներկայացվի Վարշավա` Արեւելյան գործընկերության երկրորդ համաժողովին, որին մասնակցելու են Արեւելյան գործընկերության երկրների նախագահները, այդ թվումՙ Հայաստանի:
Հայկական պատվիրակությունը վեհաժողովից մի քանի օր անց հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ զեկույցը չընդունվեց եւ կոնսենսուսը խաթարվեց ադրբեջական եւ վրացական պատվիրակությունների ոչ կառուցողական գործելաոճի պատճառով: Հայտարարությամբ նշվում է. «Ափսոսանքով արձանագրում ենք, որ իրականություն դարձան կանխատեսումներն առ այն, որ Եվրոնեսթի որոշ պատվիրակություններ չեն կարողանալու խուսափել այդ կազմակերպությունը անպտուղ բանավեճերի բեմահարթակ դարձնելու գայթակղությունից` շեղելով Եվրոնեսթը իր հիմնական նպատակիցՙ արեւելյան գործընկերների եվրոպական ինտեգրացիայից: Այդուհանդերձ, արձանագրենք նաեւ, բոլոր նրանք, ովքեր թյուրիմացաբար կարծում էին, թե հայկական պատվիրակությանը հնարավոր է պարտադրել մեր ազգային շահերին հակասող զիջումներ, ստիպված կլինեն հետայսու վերանայել «փոխզիջում» հասկացությունը միակողմանի զիջումով նենգափոխելու իրենց միտումները»:
Դեռ մեկ հանդիպումը չավարտված` հաջորդի խնդրահարույց լինելու հարցն է առաջացել, քանի որ Եվրոնեսթի երկրորդ լիագումար նիստը կարող է անցկացվել գարնանը եւ արդեն Բաքվում: Թե որքանով կապահովվի եւ արդյոք ընդհանրապես կապահովվի հայաստանյան պատվիարկության մասնակցությունը նիստին` այլ հարց է, բայց որ խորհրդային ժամանակներում իրենց հատկացված սահմանները վերականգնելու երազանքներ ունեցող երկրների խորհրդարանականները դժվար թե առավել կառուցողական լինեն` կարելի է ենթադրել: Ուստի Եվրոնեսթի գոյության նպատակահարմարությունը, որքան էլ լավատեսները շատ լինեն, քննարկելու կարիք կզգացվի:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ