«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2011-09-17 | #166, 2011-09-20 | #167, 2011-09-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՐՈՇՆԵՐԸ` ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Facebook սոցիալական ցանցում մի խումբ օգտագործողներ Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, բողոքի քայլերթ են կազմակերպելու` բողոքելով «Հայաստանի անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների դեմ»: Նրանք նշել են, որ քայլերթն սկսվելու է ժամը 09.00-ին Սարյանի պուրակից, իսկ մնացած հարցերը` երթուղին, հագուստը, պաստառները դեռ ճշտվում են: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները: Հարցին, թե ո՞րն է դրա խորհուրդը, որ Հայաստանի անկախության զորահանդեսին մասնակցում են ռուսական զորքեր, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը news.am-ին պատասխանել էր. «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չեն պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել»:

Շահարկելը ու մանավանդ ռուսական զորախմբի դեմ բողոքի ակցիաներըՙ մի կողմ. փորձենք հասկանալ բոլորովին այլ բան: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ՀՀ անկախության քսաներորդ տարեդարձի զորահանդեսին մասնակցելու է Ռուսաստանի պետական դրոշով: Իր պետական դրոշով նույն զորահանդեսին մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության զորախումբը: Այլ կերպ ասենք` ռուսական դրոշն ու ԼՂՀ դրոշը` միեւնույն զորահանդեսում են: Կապը, խորհուրդը, իմաստը, նշանակությունը հասկանալի են դառնում, այնպես չէ՞: Ավելին` նախատեսվում է ՀՀ անկախության զորահանդեսին ՀԱՊԿ արագ արձագանքման զորախմբի մասնակցությունը: Ի դեպ, նրանք, որոնց հենց ուղղված է այս ազդակը, թերեւս, արդեն հասկացել են. երեկ ադրբեջանական մի շարք կայքեր ընդգծում էին` «Ռուսաստանի, Հայաստանի եւ ԼՂՀ պետական դրոշները` միեւնույն զորահանդեսում», իհարկե` ԼՂՀ-ն չակերտների մեջ առած. թերեւս ազդակը մինչեւ վերջ հասկացած չլինելու պատճառով:

Ինչ վերաբերում է «օտար երկրին, օտար դրոշին ու զորախմբին», ապա հիշեցնենք` Ռուսաստանը մեր թերեւս միակ ռազմաքաղաքական դաշնակիցն է, ավելին` քսանամյա Հայաստանի Հանրապետությունը միակ հարավկովկասյան երկիրն է, որը անդամակցում է ռազմաքաղաքական միավորման` ի դեմս ՀԱՊԿ-ի. սա ձեռքբերո՞ւմ է, անշուշտ, ուրեմն` բողոքել ռուսական, ՀԱՊԿ զորախմբերի ու նրանց դրոշների դեմ Հայաստանում, նույնն է, թե ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան բողոքի, որ իր անկախության զորահանդեսին (եթե, իհարկե, Նորվեգիան այն անցկացնի երբեւէ) ծածանվում են ՆԱՏՕ-ի պետությունների դրոշներն ու քայլում են այդ պետությունների զորախմբերի` նորվեգականի կողքին:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4