«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2011-09-17 | #166, 2011-09-20 | #167, 2011-09-21


ՆԿԱՏԵԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԴՅՈՒՐԱՑՈՒՄ

Հայաստանը հետեւողական աշխատանքի շնորհիվ նկատելի ձեռքբերումներ է գրանցել Արեւելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրի մեջ ներառված չորս հիմնական պլատֆորմների մասով: Այս մասին փաստել է ինչպես Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը` երեկ տեղի ունեցած հանդիպմանը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ Նալբանդյանն ու Վիգանդը հանգամանալից քննարկել են Ասոցացման համաձայնագրի շուրջն ընթացող բանակցությունների ներկայիս ընթացքը, նաեւ ամփոփել 2010թ.-ից առ այսօր ունեցած ձեռքբերումները, անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի` միեւնույն ժամանակ բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցության ներկայիս տեմպերը:

Նալբանդյանն ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 18 գլուխ:

Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ին Բրյուսելում, ըստ ԵՄ կայքէջի, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովն արդեն հաստատել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման ու ռեադմիսիայի պայմանագրի առնչությամբ բանակցությունները սկսելու որոշումը:

Ֆյուլեի խոսքերով, վիզային ռեժիմի դյուրացումը կարեւոր քայլ է, ընդ որում, վիզային ռեժիմի դյուրացումը ենթադրում է վիզայի ստացման համար ներկայացվող փաստաթղթերի պարզեցում, բազմակի մուտքի վիզաների ստացման հնարավորություն առավել երկար ժամանահատվածի համար, որոշ խմբերի մարդկանց համար վիզայի ստացման վճարների պակասեցում եւ այլն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4