Գործարկվող համակարգը դրանք կկրճատի մոտ 30 տոկոսով
«Մենք կրճատելու ենք այդ բիզնես գործառույթներըՙ նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, ավելորդ գործառույթները, կրկնությունները, անիմաստ թույլտվությունները: Ծրագրում ենք, որ բյուրոկրատական գործառույթներն առնվազն 30 տոկոսով կկրճատվեն»: Խոսելով «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ ստեղծելու եւ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման մասին» նախագահի հրամանագրով նախատեսվող համակարգի գործարկման մասին, կառավարության նիստերից մեկում այդ մասին որոշ տեղեկություններ հաղորդեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նրա ներկայացմամբ, երկարաժամկետ առումով, այդ համակարգի գործարկման արդյունքում անհրաժեշտություն կլինի կրճատել պետական ապարատը, ավելորդ բաժինները, վարչությունները, ինչի արդյունքում կբարձրանա աշխատանքի որակը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:
Ինչպե՞ս է դա տեղի ունենալու, ե՞րբ, ի՞նչ միջոցներով: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանին : Փոխնախարարը նշեց, որ այս համակարգի ստեղծման նպատակն է երկրի գործարար միջավայրն ու տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացումը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավումն ու պարզեցումը: Դրա համար պետք է իրականացվեն մեր օրենսդրական կարգավորման դաշտի գույքագրում եւ վերանայում:
Հայաստանում մոտ 26 հազար օրենքներ եւ օրենսդրական փաստաթղթեր են գործում, ինչն, ըստ Կարինե Մինասյանի, մեր երկրի նման փոքր երկրի համար, շատ-շատ է: Ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու հարցով Հայաստանի կառավարությունը խորհրդակցել է միջազգային փորձագետների, այդ թվումՙ այս ոլորտում աշխարհի լավագույն փորձագետ Սկոթ Ջեյկոբսի հետ: «Հասկացանք, որ կարգավորման հնարավորությունը իրական է», ասաց էկոնոմիկայի փոխնախարարը: Այնուհետեւ խորհրդակցություններ եղան դոնոր երկրների հետ, եւ վերջիններս համաձայնեցին ֆինանսավորել այդ գործընթացը, որի ընդհանուր արժեքը կկազմի 2 մլն դոլար:
Ստեղծվելու է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրագործման գրասենյակ (ԾԻԳ), որը կգործի 24 ամիս, ուսումնասիրելու է օրենսդրությունը եւ ներկայացնելու իր առաջարկները, թե ի՞նչ ավելորդություններ, կրկնվող նորմեր եւ բիզնեսին խոչընդոտող, քաղաքացիներին խանգարող դրույթներ հարկ է վերացնել կամ վերանայել: Իր առաջարկները ԾԻԳ-ը կներկայացնի Արդյունավետ կառավարման (տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների) խորհրդին: Վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմում են նախագահի գլխավոր խորհրդականը, արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները: Եռամսյակը մեկ անգամ կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնի երկրի նախագահին: Խորհուրդը քննարկելու եւ եզրակացություններ է տալու ԾԻԳ-ի առաջարկների վերաբերյալ, որոնք օրենսդրական փոփոխությունների տեսքով կներկայացվեն կառավարության հաստատմանը: Այսինքն, նախարարություններում եւ պետական գերատեսչություններում առաջարկվող փոփոխությունները այլեւս չեն շրջանառվի, քանի որ, նախՙ դա բավական երկար կտեւի, երկրորդՙ հնարավոր է, որ մեծ դիմադրություն լինի առաջարկվող բարեփոխումներին: Այս առումով Կարինե Մինասյանը կարեւորեց երկրի նախագահի եւ վարչապետի աջակցությունը, ինչը կօգնի հաղթահարել հնարավոր հակազդեցությունը:
Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ պատրաստվելիք առաջարկները քննարկվելու են բիզնեսի հետ եւ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջնային է լինելու բիզնես միջավայրի բարելավման հարցը: Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, մինչ այս համակարգը Հայաստանում գործարկելու նպատակահարմարության հարցը քննարկելը ուսումնասիրվել է միջազգային փորձը: Մի շարք երկրներումՙ Մեքսիկա, Հարավային Կորեա, Մոլդովա, Խորվաթիա, օրենսդրության վերանայման եւ կարգավորման համարգեր գործարկվել են եւ բարձր արդյունավետություն ունեցել: Այդ բոլոր երկրներում արձանագրվել է բիզնեսի ծախսերի կրճատում, ներդրումների եւ աշխատատեղերի աճ, համախառն ներքին արդյունքի աճ:
«Ի՞նչ արդյունքների պետք է սպասենք մենք»ՙ մեր հարցին ի պատասխանՙ էկոոմիկայի փոխնախարարն ասաց, որ թիրախը օրենսդրական դաշտի 30 տոկոս կրճատումն է: Իսկ թե որքա՞ն են նվազելու բիզնեսի ծախսերը, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվելու եւ ներդրումներ ավելանալու, հնարավոր կլինի կանխատեսել այս գործընթացի ընթացքում:
«Հարկային եւ մաքսային բարեփոխումների, փոքր եւ միջին բիզնեսի աջակցության նպատակով ստեղծված կառույցների գործունեությունը չի՞ կրկնի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» գործառույթները» հարցին Կարինե Մինասյանը բացասական պատասխանեց, ասելով, որ կան հարցեր, որոնք օպերատիվ լուծումներ են պահանջում եւ չի կարելի դրանք հետաձգել մինչ օրենսդրական ընդհանուր կարգավորման հարցերի լուծումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ