«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2011-09-17 | #166, 2011-09-20 | #167, 2011-09-21


ՕԳՈՍՏՈՍԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸՙ 9,6 ՏՈԿՈՍ

Հիմնականում արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2011-ի օգոստոս ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցել է 9,6 տոկոս աճ: Հուլիսի նկատմամբ օգոտոսին արձանագրված աճը պատկառելի է եղելՙ 21,3 տոկոս: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Տնտեսության ճյուղերից արդյունաբերությունը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 12,5 տոկոս, իսկ հուլիսի նկատմամբՙ 7,8 տոկոսով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 21,3 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբՙ 61,9 տոկոսով: Շինարարությունը օգոտոսին արձանագրել է 24,7 տոկոս անկում, իսկ այս տարվա հուլիսի համեմատ աճել է 16,3 տոկոսով:

Մանրածախ առեւտրում արձանագրվել է 6,9 տոկոս աճ անցյալ տարվա օգոստոսի համեմատ, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբՙ 8,7 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ աճը կազմել է 4,2 տոկոս, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբՙ 0,4 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 7,9 տոկոսով, իսկ հուլիսի նկատմամբ նվազել 0,6 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի օգոտոսին 2010-ի օգոստոսի նկատմամբ ավելացել է 25,1 տոկոսով եւ կազմել 513 մլն դոլար: Արտահանումը կազմել է 117,3 մլն դոլար, արձանագրելով 30,6 տոկոս աճ, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբՙ 10,4 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 395,8 մլն դոլար, նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 23,5 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի համեմատՙ 31,2 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, ի տարբերություն նախորդող ամիսների, օգոտոսին խորացել է եւ կազմել 278,5 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է 110 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 137 հազար դրամ, պետականումՙ 87 հազար դրամ:

Այսպիսով, օգոտոսին տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության իրական հատվածիՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսական արտադրանքի աճով: Շինարարությունը շարունակում է անկում արձանագրել: Սակայն, ընդհանրապես, տնտեսապես ոչ աշխույժ համարվող այդ ամսվա համար 9,6 տոկոս աճը լավ ցուցանիշ է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4