Ավագյանների ընտանիքը անհամբեր սպասում է որդու` Գուրգենի զորացրմանը: Գուրգենը ընտանիքի միակ արու զավակն է, քույրն ապրում է Ռուսաստանում` ընտանիքով, այնտեղ են կանչել նաեւ հորը` աշխատելու: Այսինքն Ավագյանների ընտանիքից միայն Գուրգենի մայրն է անհամբեր սպասում 20-ամյա որդու վերադարձին...:
Ճիշտ Գուրգենի տարիքին է Հայաստանի երրորդ հանրապետությունը կամ, ավելի ճիշտ, Գուրգենն է Հայաստանի Հանրապետության տարիքին. ինչպես հիմա շատ է նշվում` անկախության սերնդի ներկայացուցիչն է: Եվ ինչպես բանակից զորակոչված 20-ամյա տղաներն են վերադառնալով լծվում (սովորաբար) խաղաղ աշխատանքի, այնպես էլ` 20-ամյա Հայաստանը:
Սեպտեմբերի 14-ին անկախության 20-րդ տարեդարձի առիթով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր տոնական ընդունելություն` ՀՀ արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչների եւ դիվանագետների մասնակցությամբ: Ինչպես իր խոսքում նշեց նախագահը` «Սա հրաշալի տոն է: Սա նաեւ մեր քսանամյա ուղին, մեր անելիքներն ու ապագայի պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է»: Անշուշտ` անկախությունը հրաշալի տոն է, եւ իհարկե` մեր քսանամյա ուղին, մեր անելիքներն ու ապագայի պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է, ուրեմն` փորձենք վերաիմաստավորել:
Սարդարապատում նախագահը այնուհետեւ ընդգծում էր. «Ավելի քան երեք միլիոն հայաստանցիների հայրենիքն է ազատ եւ անկախ Հայաստանը: Միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքը: Տունը, որտեղ ապրելու եւ երջանկության իրենց բաժինն են վայելելու մեր զավակները»: Սակայն արդյո՞ք «ավելի քան երեք միլիոն հայաստանցիները» իրենց հայրենիքն են համարում ազատ ու անկախ Հայաստանը: Մի՞թե այդ նույն հայաստանցիներն են, որ շաբաթվա մի քանի օր հերթ են կանգնում Ռուսաստան մեկնող ավտոբուսների առջեւ` ընտանիքներով, արդյո՞ք այդ նույն հայաստանցիներն են նաեւ` ավիատոմսերի վաճառքի կետերի սեփականատերերը իրենց` «կարգին եկամտաբեր բիզնես է Հայաստանում» խոսքերով, եւ մի՞թե հենց այդ նույն` Ռուսաստան` անկողիններով մեկնող հայաստանցիների զավակներն են նաեւ վայելելու իրենց բաժին երջանկությունը «Հայաստան-տանը», եւ վերջապես, արդյո՞ք միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի մեջ են մտնում նաեւ նրանք, որոնք հայերեն չեն խոսում, եւ նրանց զավակները, որոնք հայերեն նաեւ չեն հասկանում: Ու ամենակարեւորը` երբ նախագահի վերոհիշյալ խոսքին ավելացնենք «պետք է» բառը, կարծես թե ամեն ինչ կդառնա առավել իրական. այո` պետք է որ ավելի քան երեք միլիոն հայաստանցիների հայրենիքը լինի ազատ ու անկախ Հաաստանը եւ միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքը, եւ այո` պետք է լինի այն տունը, որտեղ ապրելու եւ երջանկության իրենց բաժինն են վայելելու մեր զավակները:
Այնուհետեւ նախագահը նշեց. «Մենք մեր անկախությունը վաստակել ենք աշխարհին ու ինքներս մեզ ապացուցելով, որ մեր հողի վրա իրավունք ունենք ապրելու` մեր կերպով ու մեր արժեքներով: Ապացուցել ենք առաջին հերթին մեր բանակի հաղթանակներով: Բանակ, որը ծնվեց մարտի դաշտում ու պատերազմի հնոցում դարձավ մեր նորանկախ պետականության կուռ վահանը եւ անխախտ հենասյունը»: Եվ իրոք, ոչ ոք թերեւս չի վիճարկի, որ մեր կերպով ու մեր արժեքով ապրելու մեր իրավունքը մենք ապացուցել ենք պարտադրված պատերազմի ծնունդ բանակի հաղթանակներով: Սակայն արդյո՞ք այսօր մենք ապրում ենք մեր կերպով ու մեր արժեքով, եթե այո, ապա մերոնցից չե՞ն միթե տարբեր կրոնական կազմակերպություններն ու զանազան «փոքրամասնությունները», ժամանակին` կամավոր բանակից այսօր խուսափող ռուսաստանա-եվրոպա-ամերիկաբնակ հայաստանցի «ջահելները»:
Շարունակելով` նախագահը ընդգծում էր. «Եվ հզորանալով ու ամրանալով` հայոց բանակն այսօր ոչ միայն ապավենն է հայաստանցու անվտանգ ու ստեղծագործ կյանքի, այլեւ խաղաղության ու կայունության մշտարթուն երաշխավորն է մեր տարածաշրջանում: Նա պատրաստ է խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի դեմ...այսպիսին է մեր բանակն այսօր»: Անշուշտ, հայոց բանակն այսօր ապավենն է հայաստանցու անվտանգ ու ստեղծագործ կյանքի: Որեւէ մեկս չենք էլ կարող պատկերացնել իրավիճակը, երբ մենք նման աշխարհագրությամբ լինեինք առանց նման բանակի, որն, այո, երբեք պատերազմ չսկսելու հավաստիացմամբ` նաեւ խաղաղության երաշխավորն է մեր տարածաշրջանում, պատրաստ` «խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր սպառնալիքի դեմ». իսկապես` «Այսպիսին է մեր բանակն այսօր»:
Անդրադառնալով վերջին ժամանակներում մասսայական բարձրաձայնման առարկա դարձած զինվորական կարգապահության թեմային` նախագահը շեշտում է. «Պետական մտածողություն ունեցող, կրթված ու կարգապահ զինվորը եւ նրա ոգին են մեր բանակի մարտունակության գրավականը», այս առիթով նախագահը հիշեցնում է նաեւ ազգային հերոս Մոնթեի խոսքը. «Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն»: Ունի՞ այսօրվա հայ զինվորն ընդհանուր առմամբ պետական մտածողություն, ոչ, հետեւաբար` ակնհայտ չէ՞ բանակում կարգապահական խնդիրների հիմքը...: Ընդ որում, զինվորը միայն ժամկետային պարտադիր զինծառայողը չէ, զինվորը նաեւ սպան է` լեյտենանտից մինչեւ գեներալ: Ու ամենեւին պատահական չէ նախագահը ընդգծում. «Ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ»: Սերժ Սարգսյանը հիշեցնում է Նժդեհին` «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»:
...Ավագյան Գուրգենի մայրը մեր զրույցում խոստովանեց. «Ինչպե՞ս թե ինչ պետք է անի տղաս վերադառնալով, կգնա հոր ու քրոջ մոտ` Ռուսաստան, ես էլ կգնամ, մնանք` ի՞նչ անենք»...:
Թերեւս գիտակցելով, որ բանակում առկա են խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրն, անշուշտ, հնարավոր է լուծել, նախագահը իր խոսքում նշում է. «Մեր մարտունակությունը պիտի գնահատենք ու զորացնենք ոչ միայն տարածաշրջանի, այլեւ բանակների այսօրվա, մեր իսկ բանակի երեկվա համեմատությամբ: Հետեւողական աշխատանքով: Ամեն օր, քայլ առ քայլ ամրացնելու ենք այն լարերը, որոնք բանակը կապում են քաղաքացիական հասարակության հետ. զինվորին դարձնում քաղաքացի եւ քաղաքացուն` զինվոր: Միաժամանակ, սակայն, պետք է անխնա կտրատենք այն վնասակար թելերը, որոնք ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են բանակը, որոնք զինվորին ու սպային խճճում են կենցաղային ու տնտեսական խնդիրների հորձանուտում»: Ո՞վ է հիշում մեր բանակը` մանավանդ նյութատեխնիկական մասով` 90-ականներին, ո՞վ կհամարձակվի հիշել նաեւ սովետական «ժառանգություն» «դեդովշինայի» առկայության չափը մեր բանակում 90-ականներին ու այժմ... սակայն, անշուշտ, սա դեռ ճանապարհի սկիզբն է` հետեւողական աշխատանքի սկիզբը: Ընդգծելով, որ` «մենք պատրաստ ենք հաղթելու: Բայց կամենում ենք հաղթել միայն մտքով ու աշխատանքով», նախագահ Սարգսյանը նշում է. «Զինվորի կյանքն ու անվտանգությունը մեծապես կախված են նաեւ մեր դիվանագետների հաջող գործունեությունից: Հազարավոր զինվորներ ապահով իրենց ընտանիքների գիրկն են վերադարձել հենց մեր դիվանագետների շատ ու շատ անքուն գիշերների տքնաջան աշխատանքի արդյունքում»: Եվ ինչո՞ւ ենք մենք «ամաչում» այս փաստը գիտակցելուց ու բարձրաձայնելուց. այո, հենց բանակից եկած հարյուրավոր զոհվածների ցավալի համայնապատկերում, հազարավորները խաղաղ ու ապահով վերադարձել են հենց մեր դիվանագիտության շնորհիվ: Ամո՞թ է այս խոստովանությունը, ամո՞թ է գիտակցելն ու բարձրաձայնելը, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի գլխավոր խոչընդոտն այսօր Հայաստանն է, այլ կերպ` հայ դիվանագիտությունը:
Ապագայի հույս-վստահությամբ է ավարտվում նախագահի ելույթը Սարդարապատում. «Գալիք սերունդներին թողնելու ենք ամուր պետականության հիմքեր ու ժողովրդավարության հենասյուններ... թողնելու ենք նաեւ իրավական պետություն-տանիք»: Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տասնյակ ու հարյուրավոր տարիներ ապրել է օտարի ու օտար օրենքներով` նախագահը մատնանշում է անկախության «աննախադեպ ու անձեռակերտ» նվաճումը. «Այդ նվաճումը ՀՀ քաղաքացին է: Հայաստանցին, որը ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլեւ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները»: Եվ կրկին` պետք է...Պետք է հայաստանցին ինքը ստեղծի ու ընդունի այդ օրենքները, գծի իր իրավունքի սահմանները, միայն այդ պարագայում` հայաստանցին կդառնա անկախության մեր «աննախադեպ ու անձեռակերտ» նվաճումը:
«Հայաստանը դու ես»ՙ նախագահ Սարգսյանի խոսքերով մեր յուրաքանչյուր հայրենակից վաստակել է այդ իրավունքը. «Հայաստանը նաեւ դու ես, երբ Սիրիայում մեսրոպյան այբուբեն ես հնչեցնում, երբ Ֆրանսիայում ցույցի ես ելնում, երբ Ամերիկայից գալիս ես Արցախին պաշտպան կանգնելու, երբ Ռուսաստանի հեռավոր քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց ես բացում: Հայաստանը դու ես, երբ հայրենադարձվում ես եւ հպարտանում, որ քո զավակները Երեւանի բակում խաղում են որպես տանտեր եւ ՀՀ քաղաքացի են` այսօր եւ մեկընդմիշտ: Աշխարհում շատերը հայի եւ Հայաստանի մասին պատկերացումը ձեւավորում ենՙ նկատի ունենալով քո անձնական նկարագիրը, ճանաչելով քեզ. ուրեմն Հայաստանը դու ես»: Անվիճարկելի խոսքեր, սակայն. արդյո՞ք Հայաստանը նա է, որը Դուբայում հայ օրիորդներ է ընդունում` արաբին կամ թուրքին վաճառելու համար, մի՞թե Հայաստանը նա է, որը Ռուսաստանում մի կնոջը փոխում է մի այլ կնոջով` պարզապես ՌԴ քաղաքացի դառնալու ու «մի քիչ փող կպցնելու համար», արդյո՞ք նա է Հայաստանը, որը Ֆրանսիայում չի խոսում ու չի հասկանում հայերենը ու չի էլ ուզում խոսել կամ հասկանալ... եւ ամենակարեւորը` մի՞թե Հայաստանի եւ հայի մասին պատկերացումը նաեւ վերոհիշյալներով չեն ձեւավորում կամ ամբողջացնում...:
...Մեր հարեւան Գուրգեն Ավագյանը վերադարձել է բանակից նախօրեին, երեկ առավոտյան` աշխատանքի գնալիս, տեսա նրան: Պարզեցի, որ գնում է «մի քիչ տժժալու, դե բանակից եմ եկել, ապեր: Մի երկու օրից էլ իմ ու մամայի համար տոմս կառնեմ` գնանք Ռուսաստան»: Հիմաՙ Հայաստանը նաեւ Գուրգե՞նն է...
Մնում է միայն կիսել նախագահի վստահությունը. «Քանի դեռ Աստված փակ է պահում ապագայի վարագույրը, գալիք հազարամյակների վստահ սպասումով բարձրաձայնում ենք. կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե անկախ երկրի ազատ քաղաքացին»:
Ուրեմն շնորհավոր «զորացրումդ», Հայաստան, մեծ հույս ունենք, որ քո հետագա ճանապարհը «տժժալն» ու ռուսաստանները չեն լինելու, այլ` քո անկախ պետության, ազատ քաղաքացին, մենք. ու Հայաստանն էլ մե՛նք ենք:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ