«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԶԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ Է

Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, միջոցառմանը նախարար Նալբանդյանը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական, սոցիալական, մշակութային եւ առողջապահության հիմնարկների մի շարք աշխատակիցների է հանձնել Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ շնորհված բարձր պետական պարգեւները եւ հանրապետության նախագահի ու վարչապետի շնորհակալագրերը:

Իր խոսքում նախարարը նշել է, որ հազարամյակների պատմության մեջ քսան տարին կարող է ակնթարթ թվալ, այդուհանդերձ, անկախության տարեդարձը մեծ տոն է, «որովհետեւ նման «ակնթարթներ» մենք, ցավոք, վաղուց չէինք ունեցել... որովհետեւ իր անկախությունը հաղթանակով պսակած մեր Հայրենիքի քսանամյա հոբելյանի մեծությունը չափվում է ոչ թե տարիների քանակությամբ, այլՙ հաղթանակի հպարտությամբ: Հաղթանակ, որ մենք դարձյալ վաղուց չէինք ունեցել»:

«Անկախություն երազելն այլեւս մեր ժողովրդի համար պիտի համարվի նվաստ ու անընդունելի: Որովհետեւ անկախություն երազելՙ նշանակում է չունենալ այն, չունենալ երկրիդ անունը աշխարհի քարտեզի վրա, նշանակում էՙ անտուն ապրել ազգերի ու պետությունների ընտանիքումՙ երազելով մի օր սեփական տուն ունենալ այս արեւի տակ», հայտարարել է Նալբանդյանն, ավելացնելով, որ մենք այդ տունն ունենք:

Ուստի, արտգործնախարարի մոտեցմամբ, մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է այնպես անել, որ այլեւս ոչ մի սերունդ չերազի անկախության մասին: «Որ նրանք անդարձ մոռանան այն ժամանակները, երբ տնվոր էինք օտար տան մեջ, երբ, հանրապետության նախագահի խոսքերով, օրենքն օտարինն էր, երբ օտար էր ինքըՙ օրենքը, կամ երբ օրենքն ինքը օտարն էր»:

Անկախության բերած բոլոր դժվարություններն ամբողջացնելով մեկ` սեփական ճակատագիրը տնօրինելու ունակության մեջ` Նալբանդյանը կարեւորել է, որ հենց դրանում էլ պետք է լինել ինքնավստահ, ապավինել սեփական ուժերին, ունակ լինել ինքնուրույն որոշումներ կայացնելու, «որովհետեւ երբ դուՙ որպես ինքնիշխան միավոր, որոշում չես կայացնում, ուրիշներն են այդ որոշումը կայացնում քո փոխարեն»:

«Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, անկախության նվիրյալ նահատակ Մովսես Գորգիսյանը այն հեռավոր 88-ին ասում էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Նա խոսում էր այս Հայաստանի մասին, Հայաստանի, որ նա չտեսավ, բայց որը տեսնում ենք մենք, այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը», եզրափակել է Նալբանդյանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4