Եթե պատճառը մնում է անհայտ
Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղությամբ, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անթալ Հերդիչը (Հունգարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Մարիուս Պուոձիունասը (Լիտվա): Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Փաստորեն այս էլ որերորդ անգամ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերում առաջին գիծ, այն էլ նախօրոք տալով դա կատարելու համաձայնությունը: Ընդ որում` Ադրբեջանը, իր իսկ ներկայացմամբ, հենց այն երկիրն է, որը «ամենաշատն է տուժում հայկական կողմի նախահարձակ կրակից, դիպուկահարների գործողություններից, որոնցից լինում են անմեղ զոհեր, այդ թվումՙ երեխաներ»: Չի՞ ապացուցում արդյոք միայն այս հանգամանքը, որ ադրբեջանական կողմը թաքցնելու, փաստերը քողարկելու անհրաժեշտություն ունի եւ հենց այդպես էլ անում է: Եթե իրոք հայկական կողմը մշտապես նախահարձակ է, եթե իրոք հայ դիպուկահարը կրակում ու սպանում է ադրբեջանցի երեխայի, ապա ինչո՞ւ Ադրբեջանը պետք է խուսափի միջազգային դիտորդական խմբին ներկայացնելու իրավիճակը իր իսկ առաջին գծում, միգուցե իրական փաստերն այնտե՞ղ են...: Սա թերեւս ակնհայտ պատասխան ունեցող հարցն է` այս ամբողջ իրադարձությունների մեջ, իսկ հարցը, թե որեւէ մեկը կասի՞ վերջապես Բաքվին, ինչո՞ւ, մինչեւ ե՞րբ, դեռեւս մնում է անպատասխան...:
Հ. ԱՖՅԱՆ