Ցուցանիշներին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ Հայաստանի տնտեսության իրավիճակը բնութագրող միջազգային տնտեսական կազմակերպությունների ինդեքսներին եւ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին:
Առաջինը Heritage Foundation-ի ազատության ինդեքսն է, որտեղ Հայաստանն առաջընթաց է արձանագրել: 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը: «Դա բավական լավ ցուցանիշ է», ասաց վարչապետը, նշելով, որ ազատության ինդեքսով եթե մենք դեռեւս զիջում ենք 26-րդ տեղում գտնվող Վրաստանին, ապա Ադրբեջանից շատ առաջ ենք: Ադրբեջանն զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը:
Հաջորդը Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցն է, որտեղ նույնպես Հայաստանը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի առաջընթաց է արձանագրել: «Կարեւոր է, որ այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից եւ Վրաստանից առաջ ենք», արձանագրեց Տիգրան Սարգսյանը:
«Ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ բոլոր վարկանիշները մեզ մոտ առաջընթաց են արձանագրում այն պարզ պատճառով, որ մենք իսկապես 2010-2011 թթ. մեծածավալ բարեփոխումների փաթեթ ենք ընդունել ձեզ հետ միասին, մի շարք օրենքներ ենք ընդունել եւ ակնհայտ է, որ այդ բոլոր ռեժիմների կիրառումը մեր ընդհանուր վարկանիշը բարելավում է», եզրակացրեց վարչապետը:
Անդրադառնալով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ եւ փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ», ասաց Տիգրան Սարգսյանը, հայտնելով, որ «փորձագիտական գնահատականներով ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4,5 տոկոս, եւ դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է»: Դրան ավելացնելով Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերյալ, նա նաեւ վստահություն հայտնեց, որ մակրոտնտեսական կարեւոր ցուցանիշները 2011-ին կատարվելու են:
«Աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, արդյունաբերությունը բավական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին: Դեռեւս մենք լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է: Բայց շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է: Մյուս կողմիցՙ տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը: Այսինքն` այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլեւս մեզ չի սպառնում, որովհետեւ որեւէ ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14¬տոկոսանոց անկման», իր խոսքը եզրափակեց Տիգրան Սարգսյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ