Հերթական համապետական ընտրությանը մնացել է ընդամենը 7 ամիս: Թեպետ նախընտրական կրքերը չեն բորբոքվել, սակայն կուսակցությունների ղեկավարները հավաստիացնում են, որ ոչ միայն թեժ քաղաքական աշուն է լինելու, այլեւ թեժության պակաս չենք զգա ձմռանն ու հատկապես գարնանը: Թեպետ մի քանի ամիս առաջ ԱԺ-ն ընդունեց բարեփոխված Ընտրական օրենսգիրք, երեկ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՔՄՀՀ) կազմակերպել էր քննարկում «Մեծամասնական, թե համամասնական ընտրություններ» խորագրով: ՔՄՀՀ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` մեծամասնական ընտրահամակարգը նշանակալի դեր է զբաղեցնում Ազգային ժողովում, սակայն այն հասարակության լայն զանգվածներն ընկալում են իբրեւ խորհրդային մտածելակերպի ժառանգություն: Մեհրաբյանի գնահատմամբ` ընտրակեղծիքները, լեգիտիմության դեֆիցիտը ընտրություններում հաճախ վերագրվում են մեծամասնական ընտրահամակարգին: «Հայաստանում չի գործում երկպալատ խորհրդարանի մեխանիզմը, որտեղ կներկայացվեն պետության տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչները, իսկ մեծամասնական ընտրական համակարգի մասին հասարակության վերաբերմունքը բացասական է: Ինչպե՞ս վարվել այս պարագայում», հարցրեց Մեհրաբյանը: ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգիրքը ընդունվել է, հետեւաբար նման քննարկումը ժամանակավրեպ է: ՀՀԿ-ն դեմ չէ համամասնական ընտրահամակարգին, սակայն ժամանակը նպատակահարմար չէ: Բացակայում է լիակատար քաղաքական միջավայրը: Հովհաննես Սահակյանը համաձայնեց, որ հաճախ մեծամասնական ընտրություններում հաղթած պատգամավորները չեն էլ հիշում, թե ինչի համար են ընտրվել ու ինչ գործունեություն պետք է ծավալեն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ` հասարակությանը հուզում է ոչ թե այն, թե մեծամասնական կամ համամասնական կանցկացվեն ընտրությունները, այլ դրանց ազատ ու արդար անցկացումը: Զոհրաբյանի փոխանցմամբ` ԲՀԿ-ն իր ծրագրում, որպես հեռահար նպատակ, հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի հարցը դրել է: «Որքան զարգանան եւ բյուրեղացվեն քաղաքական կուսակցությունները մեր երկրում, ի վերջո հանգրվանը պետք է լինի հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգը: Բայց մենք հասկանում ենք, որ գործ ունենք առկա իրողությունների հետ, եւ այսօր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը կարող է արդարացված չլինել»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ ընդամենը մեկ դեպք է հիշում, երբ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նորմալ ընտրություն տեղի ունեցավ` 1990թ. մայիսին: «Եթե պետության մեջ չկա քաղաքական կամք, հասարակության մեջ չկա քաղաքական ակտիվություն, եւ իշխանությունն իսկապես շահագրգիռ չէ նորմալ ընտրություն կատարելու, ուրեմն որեւէ մոդել չի կարող արդյունավետ լինել»: Նրա գնահատմամբ` 100-տոկոսանոց ընտրական համակարգին անցնելն ուղղակի անհրաժեշտություն է: «Կուսակցություններ կան, որ այդ մարդկանց անուններն ամաչում են ընդգրկել իրենց համամասնական ցուցակներում, մտածում են, որ կվարկաբեկվեն, եւ ուղարկում են մեծամասնական ընտրատարածք»: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբՙ նման հարցը չէր կարող էական նշանակություն ունենալ ժողովրդավար երկրներում: «Այն երկրներում, որտեղ ժողովրդավարություն կա, ուզում ես մեծամասնական ընտրություն ունեցի, ուզում ես` համամասնական, ընտրությունները նորմալ են անցնում, եւ ձեւավորված խորհրդարանը լեգիտիմ է լինում: Իսկ Հայաստանում ժողովրդավարություն չկա»: Նրա գնահատմամբ` ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի կատարվում, իշխանությունները վերարտադրվում են:
Քննարկման ընթացքում թեթեւակի բանավեճ տեղի ունեցավ Հովհաննես Սահակյանի եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ: Ռուբեն Հակոբյանը ՀՀԿ պատգամավորին խնդրեց իրենց կուսակցությունից մեծամասնական ցուցակով անցած գոնե 2-3 պատգամավորի անուն նշել, ովքեր ընտրությունից հետո ինչ-որ գործ են կատարել: Դրան ի պատասխան Հովհաննես Սահակյանն ասաց, որ կան մարդ-կուսակցություններ, որ բացի Երեւանից ուրիշ վայրերում մարդկանց հետ չեն հանդիպում եւ անգամ իրենց ծննդավայրում չեն կարողանում 4-5 տոկոս ձայն հավաքել: Սահակյանն ասաց, որ կպատասխանի գործընկերոջ հարցին, եթե նա իր կուսակցությունից 4-5 հոգու անուն տա, ովքեր մեծամասնական ընտրություններում կարող են ձայն հավաքել: Դրան ի պատասխանՙ Հակոբյանը երիտասարդ հանրապետականին հիշեցրեց, որ ինքը երկու անգամ մեծամասնականով ընտրվել է պատգամավոր:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ