«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2011-09-21 | #168, 2011-09-23 | #169, 2011-09-24


«ԷԼԼԻՍ ԿՂԶԻ» ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼ` ԱՌԱՋԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Էլլիս կղզի, որտեղ եղել է Ներգաղթի թանգարանում, դիտել 1915 թ. Հայոց ցեղասպանությանը եւ Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ նախագահ Սարգսյանին կղզում հյուրընկալել եւ ուղեկցել են Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Նասեր Կազեմինին նախագահ Սարգսյանին է շնորհել «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաեւ Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար:

Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգեւատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգեւի համար եւ նշել, որ Պատվո նշանը կրում է մի անուն, որն ամբողջ աշխարհում արդեն ավելի քան մեկ դար «հույսի, ազատության հնարավորությունների, արժանավայել կյանքի զորեղ խորհրդանիշներից է»: «Պատահական չէ, որ հենց այս կղզու հարեւանությամբ է վեր խոյացել ու յուրատեսակ փարոսի վերածվել ամերիկյան ոգին լավագույնս մարմնավորող Ազատության արձանը», ասել է Սարգսյանը` Նասեր Կազեմինինին հրավիրելով Հայաստան:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4