«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2011-09-21 | #168, 2011-09-23 | #169, 2011-09-24


ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՍԱԴՐԱՆՔԸ

«Երկիր» միությանն առձեռն փոխանցվել է ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ ջավախահայության իրավունքների հանրագիր (կից ստորագրություններով)ՙ ուղղված 2011թ. սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կայացած սփյուռքահայ կազմակերպությունների համաժողովի մասնակիցներին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, ստորագրել են Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի եւ Ծալկայի շրջաններում բնակվող ավելի քան 1400 մարդ:

Ըստ հանրագրի, համաժողովի մասնակիցներին Ջավախքի ժողովրդի անունից կոչ է արվում բնակության «երկրների իշխանությունների եւ միջազգային կառույցների միջոցով պահանջել Վրաստանի Հանրապետության իշխանություններից դադարեցնել Վահագն Չախալյանի նկատմամբ բանտում կատարվող բռնարարքները եւ սադրանքը»:

Նաեւ վրաց իշխանություններից պահանջվում է դադարեցնել Չախալյանի ընտանիքի անդամների, համախոհների նկատմամբ ճնշումները, արդարացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանին եւ անհապաղ ազատ արձակել նրան, տարածաշրջանում վրացերենի հետ հայոց լեզվին տալ պետական կարգավիճակ, վերացնել Հայաստանի ու սփյուռքի հայ ազգային գործիչների մուտքի արգելքը Վրաստան:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4