ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բակուր Կարապետյանը Շուշիի անցյալի եւ ներկայի մասին պատմող յոթ հազար լուսանկար է հավաքել: Այդ լուսանկարները շատ բան են խտացնում Շուշիի պատմությունից: Դրանցից 1900-ը տեղադրված են էլեկտրոնային թանգարանում` Avetis.org եւ ուրիշ շատ հասցեներում: Բ. Կարապետյանն ասում է, որ ոչ մի կերպ չկարողացավ հասնել նրան, որ Շուշիում մի փոքրիկ տարածք հատկացնեն, ինքն այդ լուսանկարներից մշտապես գործող էքսպոզիցիա ցուցադրի: Իսկ բուն Շուշիում անբարեհաճություն նկատեցինք Բակուրի այդ ցանկության հանդեպ, թե` թող նվիրի թանգարանին, ձրի ցուցադրի եւ այլն: Այսինքն` Շուշիում բոլորը սովորել են անվճար նվերների, մինչդեռ մարդը երկար տարիներ իր ժամանակը նվիրել է լուսանկարների հավաքմանը: Սա` իմիջիայլոց: Սակայն Շուշիի անցյալն ու ներկան ամեն Շուշի մտնող է փնտրում եւ երբեմն դա նրան հաջողվում է, որովհետեւ մի շարք կառույցներ, բնապատկերներ ու վկայություններ, այնուամենայնիվ, հիշեցնում են Շուշիի փառավոր անցյալի եւ ներկա դժվարությունների մասին: Այժմ Արցախում եւ Շուշիում պետական կառույցները կենտրոնացել են Շուշին զբոսաշրջության կենտրոն դարձնելու գաղափարի վրա: Զբոսաշրջության կենտրոն դարձնելու անհրաժեշտ բաղադրիչներ Շուշիում կան` պատմական շենքեր, գեղեցիկ բնություն` անտառներ ու լեռներ, Կարկառ գետը հոսում է անկրկնելի բնապատկերներ գծելով, հարավում Քիրս լեռը` 2700 մետրից ավելի բարձրությամբ անընդհատ ամպ ու գոլորշի է փչում քաղաքի վրա, գեղեցիկ, ժայռոտ ու անհատակ Շուշիի կիրճը հատկապես աշնանը դիտողին ներկայանում է աշխարհում հայտնի բոլոր գույների բոլոր նրբերանգներով: Շուշի քաղաքում 100-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձան է պահպանվել, որոնցից, ճիշտ է, շատ քչերն են վերականգնված: Մի պտույտի ժամանակ աչքի են զարնում վերանորոգվող Կանաչ ժամը, հոյակերտ եւ հոյակապ վերականգնված Ղազանչեցոց եկեղեցին, Ռեալական ուսումնարանի նախկին շենքը` հսկա մի կառույց, որի վերականգնման համար մեծ գումարներ են պետք, բայց վերականգնումն այլես ուշացնել չի կարելի` հուշարձանի վիճակն օր օրի ավելի է վատթարանում (քսաներորդ դարի սկզբի կառույց է):
Տեսարժան կառույցներից են Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքը, որն էլի տասնիններորդ դարավերջի, քսաներորդ դարասկզբի կառույց է, արդեն վերականգնվում է: Շուշիի բերդապարիսպները դեռեւս դիտվում են եւ հոգածության կարիք ունեն: Իրար վրա կուտակված Շուշիի շենքերի թիկունքներին դեռ անսպասելի կարելի է դեմ առնել պատմական կառույցի, սակայն նոր տնատերերը դրանց հանդեպ ուշադիր չեն եւ անգամ շատ դեպքերում գերադասում են քանդել ու նոր, եվրոպական ոճի ինչ-որ կառույց տնկել դրա փոխարեն: Շուշիում չկան այնպիսի վայրեր, որտեղ կարելի լինի սնվել կամ մի բաժակ սուրճ խմել` հաղորդակցվելով Շուշիի անցյալը կամ կոլորիտը ներկայացնող մանրամասների, կամ արվեստի ինչ-որ պարագա գնել, որը կհուշի Շուշիի պատմության մասին:
Նկարիչ Հովիկ Գասպարյանն ասում էր, որ անկախության քսանամյակին իր կազմակերպած վերնիսաժի շուրջն ստեղծված անսպասելի մեծ հետաքրքրությունը իր համար էլ նորություն էր, զգացվեց, որ շուշեցիների մեջ գեղեցիկ բաների հետ շփվելու ձգտում եւ կարոտ կան: Այնպես որ Շուշին մշակութային եւ զբոսաշրջային կենտրոն դարձնելու ձգտումը պետք է ոչ միայն տեղավորել դրսին ցուցադրելու ատրիբուտիկայի մեջ, այլ նաեւ շուշեցու համար մտահոգվել, նրա պահանջները նախ հաշվի առնել, որից հետո շուշեցին ինքը գուցե շատ բան կնախաձեռնի:
Արդար լինելու համար ասենք, որ մի շարք կարեւոր ձեռնարկներ Շուշիում իրականացվել են: Օրինակ` «Հայաստան» համահայկական հիմնադրամը նորոգել եւ նոր գույքով ապահովել է Շուշիի գրադարանը, որն իսկապես աշխարհի մեծ քաղաքներին արժանի մի գրադարան է դարձել: Սակայն գրադարանի տնօրեն Ժասմեն Գաբրիելյանի հետ զրույցը մեզ այն համոզմանը բերեց, որ սուղ նորոգված օբյեկտներ ունեցող Շուշիում դեռ չեն պատկերացնում ամեն նորոգված կառույցը օպտիմալ օգտագործելու նշանակությունը, եւ գուցե այդ մտայնությունը հենց քաղաքի ղեկավարության պատկերացումներից է գալիս: Ժ. Գաբրիելյանը նկարագրում էր հրաշալի գրադարանի հրաշալի առօրյա իր պլաններում: Բայց նոր գրադարանը Շուշիի համար պետք է դառնա ավելին, քան գրադարանը, Շուշիի մտավորականների հանդիպատեղի, մշակութային բանավեճերի եւ հաղորդակցությունների վայր... դրա համար նախ պետք է այդ նոր մտածողությամբ նայել գրադարանի ապագա առօրյային:
Այժմ Շուշիում փողոցներ են բարեկարգվում եւ ասֆալտապատվում, շենքերի տանիքներ նորոգվում, մշակույթի տունն է հիմնովին վերականգնվում: Կա թատրոն, որ գործում է (ժամանակավոր տեղավորված է քոլեջի շենքում):
Մշակույթի տան վերականգնումից հետո այնտեղ երիտասարդության ժամանցի կազմակերպման հնարավորություններ կստեղծվեն:
Քանի՞ տարի է պետք, որ Շուշին զբոսաշրջության կենտրոն դառնալու համար հարկավոր նորոգված շենքերի գոնե մի հիսուն տոկոսն ունենա. «Այս տեմպերով որ շարունակենք` մոտակա 10-15 տարում կունենանք բարվոք, լիովին վերկանգնված եւ ավերակներից ձերբազատված քաղաք», սա պաշտոնյաների կրկնվող կարծիք էր:
Շուշիում հիմնական նորոգման կամ վերակառուցման աշխատանքները կատարվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, մասնավորի միջոցներով եւս վերականգնումներ են լինում (օրինակՙ Շուշիի նախկին տպարանի շենքը` 19-րդ դարի վերջ), Ղազանչեցոց եկեղեցու մոտ մասնավոր պատկերասրահ է կառուցվում, պետական միջոցներով պատկերասրահ եւս կառուցվում-վերականգնվում է:
Շուշեցիք Շուշին զբոսաշրջության կենտրոն դարձնելու առումով նշում էին կյանքի եւ մտայնության մեծ տարբերությունը` տուրիստներ կան, ենթակառուցածքներ չկան:
Նկար 1. Շուշիի Ռեալական դպրոցը
Նկար 2. Մարիամյան օրիորդաց կրթարանը