«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2011-09-24 | #170, 2011-09-27 | #171, 2011-09-28


ԲԱՆԱԿՑՈՒՄ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՈՒ ՀԵՏՈ ԱՍՈՒՄ ԵՆ` ՈՉ. ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Դեռեւս նախորդ իշխանությունների օրոք հիմք դրվեց օլիգոպոլիային. թեեւ ոչ ոք չի ցանկանում անգամ լսել այդ բառը: Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում տեղի ունեցած «Անկախության 20 տարիները Հայաստանում եւ տարածաշրջանում» թեմայով քննարկմանը այսպիսի գնահատական հնչեցրեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը : Դեսպան Շմիդտը ցավ հայտնեց, որ 90-ականներին հնարավոր չեղավ տնտեսական կարգը այլ կերպ կազմակերպել:

Նրա անձնական մոտեցման համաձայն` Հայաստանում նախկին եւ ներկա իշխանությունների մասին էլ ընտրական կեղծարարության մեղադրանքներ հնչում են, ընդ որում, Արեւմուտքի որոշ պարբերականների հրապարակումներ 1994-95 թթ. եւ 2008-ի իրադարձությունների ու իրավիճակի մասին բավականին նմանություններ ունեն:

Հանդիպման մասնակից ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն, իր հերթին, ձեռնպահ մնաց ներքաղաքական իրավիճակների գնահատումից` դա դրսից անելու դեպքում ոչ ճիշտ համարելով: Այդուհանդերձ, մոտ 5 տարի Հայաստանում չեղած էվանսը լուրջ դրական փոփոխություններ է նկատել, թեեւ առաջընթացի հետ կան նաեւ խնդիրներ ու թերություններ:

Քննարկման անդրադարձերից մեկն էլ հայ-թուրքական հարցին էր վերաբերում: Այս համատեքստում հայ-թուրքական սահմանը բացելու համար Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու սպասումները, ըստ Ջոն էվանսի, բնորոշ են հետխորհրդային երկրներին եւ հիշեցնում են այն ժամանակները, երբ որեւէ խնդիր լուծելու համար կողմերը հասնում էին Մոսկվա: Այդուհանդերձ, Թուրքիայի հետ առաջին քայլն, ըստ Էվանսի, պետք է լինի ուղղակի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը ոչ թե բարեկամություն է նշանակում, այլ երկու երկրների հաղորդակցման միջոց, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն այսօր տարածքային խնդիր ունենալով դիվանագիտական հարաբերություններ ունի Ճապոնիայի հետ, կամ Հունաստանը` Թուրքիայի:

Գերմանիայի դեսպանի եւ մասնագիտությամբ իրավաբանի դիտարկմամբ, դժվար է ընդունել մի մոտեցում, երբ սկսում են բանակցություններ, ստորագրություն են դնում ու հետո ասում` ոչ: «Դա հետեւողական մոտեցում չէ, ուստի այս (հայկական-Ա.Հ.) կողմի բարկությունն ընկալելի է», հայտարարեց Հանս-Յոխեն Շմիդտը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4