Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը ներկայացրել է ԱՊՊԱ-ի ներդրման առաջին 8 ամիսներին գործունեության ցուցանիշները
2011 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած մոտ 13850 անձանց համար վճարվել են ընդհանուր առմամբ շուրջ 2,85 մլրդ դրամի ապահովագրական հատուցումներ, իսկ շուրջ 1 մլրդ դրամի ապահովագրական հատուցումները գտնվում են կարգավորման փուլում: Հատուցում ստանալու համար ներկայացվել են 15013 դիմումներ: Մերժվել են 89 դիմումներ, հատուցումից հրաժարվելու դիմումների քանակը 390 է եղել: Մեկ ապահովագրական հատուցման միջին մեծությունը կազմել է մոտ 205 հազար դրամ: ԱՊՊԱ համակարգի ներդրման 8 ամսիների գործունեության մասին սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ այս տեղեկությունները ներկայացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը : Նա նշել է, որ անկանխատեսելի խնդիրներ այս ընթացքում չեն եղել եւ հասարակության մեջ եղած լարվածությունը համակարգի ներդրման պահին այժմ էապես նվազել է:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի զեկույցում նշվել է, որ սակագնային համակարգը ձեւավորելու համար առաջին տարվա համար կանխատեսվել էր ճանապարհատրանսպորտային շուրջ 20 հազար հինգ հարյուր կամ օրական մոտ 56 պատահար: Սակայն 8 ամսվա արդյունքները գերազանցել են կանխատեսումներին: Գրանցվել է օրական 62 պատահար, ինչը 9 տոկոսով ավելին է եղել, քան սպասվում էր: 2011-ի օգոստոսի 31-ի դրությամբ հատուցումների կամ վնասաբերության մակարդակն ԱՊՊԱ ոլորտում կազմել է մոտ 48 տոկոս: Խոսքը փաստացի վճարված հատուցումների եւ հավաքված ապահովագրավճարների հարաբերության մասին է: «Այսինքն, ունենք երկու իրողություն. վնասաբերության մակարդակի փաստացի շեղում եւ ծախսերի մակարդակի գերազանցում», ասել է Վահան Ավետիսյանը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի տեղեկացմամբՙ ներկայումս Կենտրոնական բանկում եւ բյուրոյում ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների եւ ակտուարների մասնակցությամբ ընթանում են քննարկումներ կապված ԱՊՊԱ համակարգում վնասաբերության մակարդակի կանխատեսվող միտումների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում հիմնական խնդիրն այն է, որի ընդամենը ութ ամսվա վիճակագրությունը չի կարող բավարար լինել որոշակի օբյեկտիվ դատողություններ եւ եզրահանգումներ կատարելու համար: Անհրաժեշտ է առնվազն մեկ տարվա վիճակագրություն, որը թույլ կտա մասնագետներին առավել ճշգրիտ կանխատեսել 2012-ի վնասաբերության մակարդակի միտումները եւ ԱՊՊԱ սակագների փոփոխությունների հնարավորությունը եւ բնույթը: Քննարկվում են նաեւ որոշ ռիսկային գործակիցների չափը փոփոխելու կամ կիրառելու անհրաժեշտության հարցերը: Մասնավորապես առաջարկվում է միայն անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի համար այս տարվանից կիրառել «տրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվություն» ռիսկային գործակիցը, ինչպես նաեւ նախատեսվում է միայն «Տաքսի, վարձակալություն, հանրային տրանսպորտ (երթուղային տաքսիների մասով)» գործակցի արժեքի վերանայում, քանի որ տվյալ օգտագործման նպատակով ռիսկային խմբի վնասաբերության մակարդակն այսօր 133 տոկոսի սահմաններում է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ