«Նման մարդասիրական ծրագրի գոյության մասին գաղափար չունեի: Հրաշալի առիթ էր խորացնելու մեր մասնագիտական գիտելիքները», խոստովանում է Նինոծմինդայի (Ջավախք) շտապ օգնության կենտրոնի ամբուլատոր բաժանմունքի տնօրեն դոկտ. Լիլիթ Անանիկյանը, որն, ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, Ջավախքի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շրջանների մի շարք այլ բժիշկների հետ մասնակցում է «Առողջապահական գիտելիքների վերապատրաստման ամերիկահայ կազմակերպության» (ԱԳՎԱԿ) մշակած «Բժշկական շարունակական կրթություն» (ԲՇԿ) ծրագրին:
ԱԳՎԱԿ-ն արդեն յոթ տարի ծառայում է ամերիկահայ համայնքին եւ Հայաստանի բնակչությանըՙ փորձելով բարձրացնել իրազեկության մակարդակը, կանխել հիվանդությունները եւ մանավանդ օժանդակել Հայաստանի ու հայկական շրջանների բժիշկների մասնագիտական վերապատրաստմանը: Վերջիններից հատկապես Ջավախքում եւ Ղարաբաղում աշխատող բժիշկները քսան տարուց ավելի մասնագիտական վերապատրասման դասընթացների չեն մասնակցել եւ աշխատում են սանիտարական ոչ պատշաճ պայմաններում, հին, խորհրդային շրջանի մեթոդներով:
Ներկայումս մշակված ԲՇԿ ծրագրից տարեկան օգտվում են 30 բժիշկներ: ԱԳՎԱԿ-ի գործող նախագահ, դոկտ. Լարրի Նաջարյանն այս ամռանը Հայաստան այցելելով ծանոթացել է բժիշկների աշխատանքային պայմաններին եւ եկել այն եզրակացության, որ մշակված ծրագիրը հույսի նշույլ է, որը բժշկական ժամանակակից նվաճումներին հաղորդակից դարձնելով տեղացի բժիշկներին, հարյուրավոր կյանքեր է փրկում:
Այդ ծրագրի հաջող իրականացման համար ամեն տարի Մ. Նահանգներում դրամահավաք է կազմակերպվում: Այս տարվա գալա-ճաշկերույթը, ըստ հաղորդագրության, անցկացվելու է «Օգնեք փրկելու մարդկանց կյանքը: Աջակցենք ԲՇԿ ծրագրին» նշանաբանի ներքո եւ տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին Գլենպոյնտի (Թինեք, Նյու Ջերսի) «Մարիոթ» հյուրանոցում: Երեկոյի ընթացքում մեծարվելու են հարգարժան բժիշկներ Ռիչարդ Բաբայանը, Անետ Զուլֆայանը եւ Հայկազ Գրիգորյանը բժշկության բնագավառում իրենց ընձեռած ծառայությունների համար:
Հ. Ծ.