Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանը բոլոր կողմերին կոչ է արել օգտագործել Ռուսաստանի միջնորդության արդյունքում առաջացած լրացուցիչ հնարավորությունները: Այս մասին, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած սեպտեմբերի 27-ի իր ելույթում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր գործընկերներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ շարունակելու է աջակցությունը «վստահության միջոցների ու զինադադարի ռեժիմի ամրապնդման» ուղղությամբ: Իսկ Կովկասի մասին առավել ընդհանրական Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է անել անհրաժեշտը, որ Կովկասում ուժային սցենար չլինի, ինչպես դա տեղի ունեցավ 2008-ի օգոստոսին «Թբիլիսիի կառավարող ռեժիմի արկածախնդրության արդյունքում»:
«Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես Աբխազիայի, Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ ուժի չկիրառման պայմանավորվածության երաշխավոր երեք կողմերի ղեկավարների նախկինում արած պաշտոնական հայտարարությունների հիմքով», ՄԱԿ-ում հայտարարել է Լավրովըՙ շեշտելով, որ ողջունելի կլիներ նմանօրինակ պարտավորության ստանձնումը նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից:
Լավրովն անդրադարձել է նաեւ մերձավորարեւելյան իրավիճակին, շեշտելով, որ, օրինակ, Սիրիայի պարագայում անընդունելի է ազգային երկխոսության առաջարկների բոյկոտումը` «արհամարհելով թեկուզ ուշացած, բայց ռեալ բարեփոխումները, որ առաջարկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ