Ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզայի պարագայում արվող հայտարարությունների բնույթն ու բովանդակությունը առավել հաճախ զարմացնում են, քան լուրջ բովանդակությամբ աչքի ընկնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելուց հետո Ադրբեջանում ԱՄՆ դեսպան դարձած Բրայզան հաճախ է մոռանում սեփական կարգավիճակը ու դատողություններ է անում բնավ էլ ոչ երրորդ կողմի տրամաբանությամբ ու մոտեցմամբ:
Հերթական անգամ Բրայզայի հայտարարությունները այնպիսի տպավորություն են թողնում, թե խոսում է առնվազն Ադրբեջանի արտգործնախարարը, բայց ոչ այդ երկրում մեկ այլ երկրի դեսպանը: «Կարող եմ ասել, որ Ադրբեջանը շատ լրջորեն հետամուտ է հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակին` ուժ չկիրառելով», ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանՙ Բաքվում հայտարարել է Բրայզան, հաստատապես իր անձը շփոթելով ադրբեջանցի պաշտոնյայի հետ:
Ավելին, Բրայզան Ադրբեջանում եղած ժամանակ ոչ միայն սկսել է խոսել Ադրբեջանի անունից կամ գնահատել ոչ իբրեւ դեսպան, այլեւ փաստում է որոշ հանգամանքներ այնպես, կարծես դա Ադրբեջանի լավությունն է տարածաշրջանին: «Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ուժի հնարավոր կիրառման մասին հայտարարություններն արդեն ոչ այդքան հաճախ են հնչում, որքան առաջ: Եվ դա շատ դրական պահ է», ասել է Բրայզան:
Շարունակելով իրեն հատուկ դատողությունների շարքը` Բրայզան նշել է. «Անհրաժեշտ է ավարտին հասցնել հիմնարար խաղաղ սկզբունքները, ինչն անիրագործելի խնդիր չէ: Կողմերին բաժանող հարցերը լուծելի են»: Ընդգծելով, որ հակամարտության ուժային լուծումն անհնար է, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ասել է, թե կողմերը պետք է ավարտեն հիմնարար սկզբունքների շուրջը բանակցությունները:
«Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի», ասածին հավելել է ամերիկացի դիվանագետը:
Ա. Հ.