ԱՄՆ-ի Սենատը սեպտեմբերի 26-ին միաձայն հավանության է արժանացրել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի ամերիկայի հանձնախումբը, միեւնույն ժամանակ քննարկումների առիթ դարձած Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը դեռեւս կարիք ունի հաստատման:
«Թեեւ մենք շարունակում ենք դժգոհ մնալ Սենատի հարցումներին նրա տված մի քանի պատասխաններից, այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում աշխատել դեսպան Հեֆերնի հետ` փորձելով ընդլայնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները հիմնվելով ընդհանուր արժեքների եւ երկկողմ հետաքրքրությունների վրա, հատկապես կենտրոնանալով երկկողմ առեւտրի եւ ներդրումային ծրագրերի վրա», ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հաստատման առնչությամբ մեկնաբանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ Համբարյանիՙ Հեֆերնը կարող է «կարեւոր դեր» ունենալ հայ-ամերիկյան առեւտրի ընդլայնման հարցում`ճանապարհ հարթելով Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) եւ Կրկնակի հարկման պայմանագրի համար:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում Հեֆերնը կժամանի Հայաստան` զբաղեցնելու այս տարվա հունիսից դեսպան Մարի Յովանովիչից հետո թափուր մնացած պաշտոնը:
Ա. Հ.