Նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2012 ֆինանսական տարվա պետական եւ օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակը, ըստ որի սահմանվում են արտասահմանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալները, ներառյալ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը:
Ըստ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությանՙ ընդհանուր առմամբ օրինագիծը տրամադրում է 626.7 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին (AEECA), որը 69 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2011 ֆինանսական տարվա համեմատ:
Հայաստանին գումար կհատկացվի «ըստ բյուջեի պահանջի»: Վարչակազմը պահանջել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնության տրամադրում Հայաստանին 2012 ֆինանսական տարվա համար: Սենատի հանձնաժողովի քվեարկությունն արտացոլում է նաեւ Ներկայացուցիչների պալատի պետական օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի կոչըՙ 40 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին:
Սենատի օրինագիծը նշում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանին հատկացվող գումարները կարող են օգտագործվել հաշտեցմանը եւ հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործընթացների համար, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Հանձնաժողովը կողմ է, որ հումանիտար օգնություն տրամադրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին», ասվում է զեկույցում:
Հաջորդ քայլը Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից վերոնշյալ օրինագծերի լիարժեք իրագործումն է:
Ա. Հ.