Այսօր Հայաստանի կառավարությունը կհաստատի 2012-ի պետական բյուջեյի նախագիծը եւ կուղարկի Ազգային Ժողովի հաստատմանը: Ի՞նչ հիմնական ցուցանիշներ են նախատեսված եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում:
Եկամուտների մասով 2012-ին նախատեսված է 910 մլրդ դրամ, ծախսերի մասովՙ 1 տրլն 42 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 132,5 մլրդ դրամ: Վերջինս նախատեսվում է ծածկել մեծամասամբ ներքին աղբյուրների հաշվինՙ 75,9 մլրդ դրամը, արտաքին աղբյուրների հաշվինՙ մնացած մոտ 60 մլրդ դրամը:
Այս տարվաՙ 2011-ի պետական բյուջեի եկամտային մասը կազմում է 852 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները պետք է կազմեն 650 մլրդ դրամը, սոցվճարներըՙ 123 մլրդ դրամը: Իսկ 2012-ի բյուջեի 910 մլրդ դրամ ընդհանուր եկամուտներից հարկային եկամուտները կկազմեն 732 մլրդ դրամը, սոցվճարներըՙ 142 մլրդ դրամը:
Այս եւ եկող տարվա պետական բյուջեների եկամտային մասերի համադրումից երեւում է, որ 2012-ի բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել 58 մլրդ դրամով: Ընդ որում, դա նախատեսվում է անել հիմնականում հարկային եկամուտների եւ սոցիալական վճարների ավելացման միջոցով: Այսպես, 2012-ի բյուջեի 910 մլրդ դրամ եկամուտներից 874 մլրդ դրամը հավաքվելու է հարկային եկամուտներից եւ սոցվճարներից, իսկ դրամաշնորհներից եւ այլ եկամուտներից սպասվում է 34 մլրդ դրամ: 2011-ի բյուջեում 852 մլրդ դրամ ընդհանուր եկամուտներից հարկային եկամուտներին եւ սոցվճարներին բաժին է ընկնում 773 մլրդ դրամ: Փաստորեն, հարկային եկամուտներից եւ սոցվճարներից 2012-ին ակնկալվում է ստանալ 101 մլրդ դրամով ավելի եկամուտներ, քան 2011-ին: Իսկ դրամաշնորհներից եւ այլ եկամուտներից 2012-ին 45 մլրդ դրամով պակաս մուտքեր են նախատեսված, քան 2011-ին (79 մլրդ դրամ):
Ծախսային մասով 2012-ի բյուջեով նախատեսվում է 41 մլրդ դրամի աճ, կազմելով 1 տրլն 42 մլրդ դրամ, այս տարվա 1 տրլն 1 մլրդ դրամի փոխարեն: Եկող տարի սոցիալական պաշտպանությանը հատկացվող ծախսերը նախատեսվում է ավելացնել մոտ 35,5 մլրդ դրամով, պաշտպանությանը հատկացվող ծախսերը մոտ 8,5 մլրդ դրամով, առողջապահությանըՙ 3 մլրդ դրամով, որոշակի ավելացումներ են նախատեսված նաեւ այլ ոլորտների համար: Կրթության ոլորտի ծախսերը գրեթե մնացել են անփոփոխ: Էապեսՙ 26 մլրդ դրամով նվազելու են բնակարանային շինարարության ծախսերըՙ նախորդ տարվա 48,3 մլրդ դրամի փոխարեն, 2012-ին այս ոլորտին կհատկացվի 22,3 մլրդ դրամ:
Բյուջեի դեֆիցիտը նույնպես զգալիորեն նվազելու է 2011-ինՙ 148 մլրդ դրամի փոխարեն կազմելով 132 մլրդ դրամ: Միաժամանակ, բյուջեի օրենքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկինՙ 2012 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջարկվում է առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4 +/- 1,5 տոկոս թիրախով:
2012-ի բյուջեի դեֆիցիտի, ՀՆԱ-հարկեր, արտաքին պարտքի մեծության, տնտեսական աճի եւ մակրոտնտեսական այլ ցուցանիշների մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ