«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2011-09-27 | #171, 2011-09-28 | #172, 2011-09-29


ԱՂԱՆԴԸ` ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՅՆ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների ժողովը: Մայր աթոռից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ժողովին քննության են առնվել եկեղեցու առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերները, թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրները, եկեղեցական պատմական կառույցների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու հարցը: Քննարկմանը ժողովականները անդրադարձել են թեմերում եկեղեցականների հովվական ծառայությանը: Հոգեւոր հովիվները պետք է առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ-համայնք, հովիվ-ընտանիք հարաբերությունների սերտացմանը:

Մտահոգություն հայտնելով կրոնական տարբեր կազմակերպությունների եւ աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեությունիցՙ ժողովականները ընդգծել են տուժած ընտանիքների եւ անհատների հետ առավել ակտիվ աշխատելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է հոգեւոր հովիվների բնակությունն իրենց խնամքին հանձնված համայնքներում:

Վերջին շրջանում հասարակական աղմուկ բարձրացրած մի շարք ինքնասպանություններ կապվում են աղանդավորական տարբեր կազմակերպությունների քայքայիչ գործունեության հետ:

Օրերս Դիլիջանում հայտնաբերել էին ընտանիքի մոր` պարանից կախված դին եւ նրա` երակները կտրած 23 եւ 25-ամյա զավակներին (երեխաների կյանքը հաջողվել էր փրկել-Հ.Հ.):

Ինքնասպանությունը կատարվել էր կրոնական հողի վրա, որովհետեւ իրավապահները տանը գտել էին Հիսուսի` գետնին նետված եւ պատռած նկարները: Մի քանի շաբաթ առաջ հասարակությանը ցնցեց Արարատի դեպքը, երբ մայրը երկու երեխաներին խեղդել էր: Անցյալ տարի Սեւանում 23-ամյա երիտասարդը սպանել էր ծնողներին` հայտարարելով, որ ինքը «աստծո զավակն է»:

Իրավապահ մարմինների գնահատմամբՙ դրանք նույնպես կրոնական հիմքով սպանություններ էին, որովհետեւ տուժածների բնակարանում գտել էին աղանադավորական գրականություն:

Բաբկեն քահանա Հայրապետյանը վստահ է` ինքնասպանության դրդում են այն աղանդները, որոնց դավանաբանության մեջ նշվում է, որ մահանում է ոչ միայն մարմինը, այլեւ հոգին, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին ասում է, որ հոգին անմահ է եւ ինքնսպանությունը մեղք է համարում:

«Միայն ինքնասպանություն գործողը մեղավոր չէ, մեղքի բաժին ունեն նրա ընտանիքի անդամները, շրջապատը, բոլորս: Մեր ամենամեծ մեղքը մեր անտարբերությունն է»: Քահանան համոզված է` ինքնասպանությունները կրոնական են: Քահանայի գնահատմամբ` աղանդը դանդաղ գործող թույն է, որի դեմ պետք է պայքարել: Քահանային զարմացնում է երիտասարդական էմո շարժման գաղափարախոսությունը` «Դու ի՞նչ էմո ես, եթե գոնե մեկ անգամ ինքնասպանության փորձ չես արել»:

«Ինձ մոտ եկեղեցի էր եկել մի երիտասարդ այդ խմբավորումից, ում գանգը դաջված էր հրեշների պատկերներով: Նա զղջում էր, որ նման բան է արել»: Քահանան համոզված է, եթե տղան չգար եկեղեցի, ապա ինքնասպանություն կգործեր:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4