Կբարձրանան թոշակներն ու նպաստները, քաղծառայողները կստանան սոցիալական ապահովության փաթեթ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարությունը երեկ հաստատեց Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեն: Դրա հիմնական ցուցանիշներին անդրադարձել ենք մեր թերթի երեկվա համարում: Հավելենք բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հաղորդած որոշ տվյալներ: Համաձայն դրանց, եկող տարի հարկային եկամուտների մեծՙ 101 մլրդ դրամի ավելացում է նախատեսվում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է հասնի 17,4 տոկոսի: Այսինքնՙ այս ցուցանիշը եկող տարի կավելանա 0,6 տոկոսով, ինչը բարձր ցուցանիշ է, քանի որ տարեկան այս ցուցանիշն ավելանում է 0,3-0,4 տոկոսով: Այս առթիվ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խնդրեց ֆինանսների նախարարությունից հստակեցնել, թե ո՞ր ճյուղերի հաշվին է նախատեսվում ավելացնել հարկային մուտքերը, քանի որ նման կտրուկ ավելացում ոչ մի անգամ չի կատարվել: Հարցին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Սկզբունքը, որով այսօր միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են, հետեւյալն է. պետությունները պետք է ձեռնարկեն իրենց սեփական ռեսուրսները բացահայտելու եւ բարեփոխում իրականացնելու լրացուցիչ միջոցառումներ: Այն պետությունները, որոնք դա կիրականացնեն, կստանան ավելի շատ լրացուցիչ ֆինանսավորում: Այս սկզբունքով են պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունները` ավելի շատ ռեֆորմ, ավելի շատ ֆինանսավորում, եւ նույն սկզբունքն ամրագրվել է Եվրոմիությունում», նշեց վարչապետը: Նա հայտնեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն 10 տարուց ավելի մեր երկրի առջեւ դնում է հետեւյալ հարցը` պետական բյուջեի միջոցով բարելավել մեր ֆինանսական միջոցների վերաբաշխումը: ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի եւ պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է: Ըստ Տիգրան Սարգսյանի, մեկ տարվա մեջ 0,6 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարձրացնելը լուրջ խնդիր է: Այս խնդիրը լուծելու համար կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պատրաստել է հարկային փաթեթ, որը ենթադրում է, որ այն ոլորտները եւ այն եկամուտները, որոնք նախկինում չէին հարկվում, պետք է բացահայտվեն եւ հարկվեն, որպեսզի հնարավոր լինի պետական բյուջեով ավելի շատ ֆինանսական միջոցներ վերաբաշխել:
«Դա նշանակում է, որ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն անելու համար պետք է երկու ճանապարհով գնալ, առաջինը` հարկային բազան պետք է ավելացնենք, եւ երկրորդը` հարկային վարչարարությունը պետք է բարելավենք:
Հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները մենք գնահատել ենք 10-15 մլրդ դրամ այն պարագայում, երբ հարկերը 2011 թվականի համեմատ ավելանալու են շուրջ 100 մլրդ դրամով, իսկ սա լուրջ մարտահրավեր է մեզ համար: Մեզ առաջին հերթին պետք է օգնեն 4,2 տոկոս համախառն ներքին արդյունքի տնտեսական աճը եւ ծրագրված 4,6 տոկոս դեֆլյատորը, որը նոմինալ կերպով նոր ստեղծված արժեքն ավելացնում է: Այդ պարագայում լրացուցիչ 40-50 մլրդ դրամ պետք է հավաքենք, եթե նույնիսկ որեւէ հարկային բազայի ռեժիմ չփոխվի, քանի որ նոմինալ այդքան աճ է տեղի ունենալու», ասաց վարչապետն, ավելացնելով, որ այնուամենայնիվ, լրացուցիչ մոտ 60 մլրդ դրամ պետք է հավաքվի: Այդ տեսակետից հանձնարարական է տրված բոլոր նախարարներին` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային: Նրանք պետք է ամբողջությամբ տիրապետեն, թե իրենց ոլորտներում որքան ՀՆԱ է արտադրվում, նոր ստեղծված արժեքը եւ հարկման բազան ինչպիսին են, եւ այդ հարկման բազայից որքան գումար է մուծվում պետական բյուջե:
Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբՙ լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն է տալու ավելացնել թոշակները եւ սոցիալական նպաստները: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվելու է աշխատավարձի բարեփոխում: Քաղծառայողներին տրամադրվելու է սոցիալական ապահովության փաթեթ: Նրանք հնարավորություն են ունենալու 2012-ին օգտվել այդ փաթեթից, մասնավորապես իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական պոլիսների միջոցով փակել իրենց առողջական խնդիրների ծախսերը: Ըստ վարչապետի, մասնավորապես չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ պոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում: Եվ երրորդը, քաղծառայողները հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին: «Առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց», հավաստիացրեց Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ վարչապետը շեշտեց, որ հարկային բազան ավելացնելուն ուղղված միջոցառումները պետք է լինեն շատ զգուշավոր, որպեսզի չհարվածենք տնտեսական աճին: Մի կողմից` պետք է բացահայտվեն այն ոլորտները, որտեղ կան եկամուտներ, որոնք վատ են հարկվում, բայց մյուս կողմից էլ պետք է հարկային բազայի ավելացումը չխոչընդոտի տնտեսության զարգացմանը: