«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2011-09-28 | #172, 2011-09-29 | #173, 2011-09-30


ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ» ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանիՙ գալակտիկաների մասին ուսումնասիրությունը: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրվել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգությունով. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով:

Բենիամին Մարգարյանիՙ գալակտիկաների մասին ուսումնասիրության հայտը համատեղ պատրաստվել է Բյուրականի աստղադիտարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է ներկայացվել 2010թ:

1992-ին մեկնարկած «Աշխարհի հիշողություն» ծրագիրը հիմնվել է աշխարհում արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Ռեգիստրն էլ փաստագրական ժառանգության ցուցակ է, որում ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները եւ արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում եւ պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4