«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2011-09-28 | #172, 2011-09-29 | #173, 2011-09-30


ԲԱՆԴԱՅԻ ԳՈՂԱՑԱԾԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ

Խոստացավ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

Կառավարության երեկվա նիստից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին վերջերս վնասազերծված բանդային: Ոստիկանապետը հայտարարեց, որ բանդան ամբողջությամբ ձերբակալված է, ապացույցները հիմնավորված են, որոշակի խնդիրներ կան իրեղեն ապացույցների հետ կապված: Ձերբակալման գործողությունը սկսելու օրը նախատեսվում էր մեկ այլ հարձակում, բայց ոստիկանությունն ավելի վաղ ձերբակալեց:

Ալիկ Սարգսյանը դժգոհություն հայտնեց որոշ լրատվամիջոցներում բանդայի անդամներին առնչվող հրապարակումներից, ասելով, թե ինքը սպասում է, որ շուտով կսկսեն այդ մարդկանց հերոսացնել: Մինչդեռ դրանք նախկինում մի քանի անգամ դատված մարդիկ են, որոնք կատարել են ավազակային հարձակումներ: Բանդան ուներ երկու ղեկավար, որից մեկը նրա «ուղեղն» էրՙ գործողություններն էր ծրագրում, իսկ մյուսը բռնություն էր գործադրում: Ոստիկանապետը խոստացավ նյութեր տրամադրել նրանց անցյալից: Ինչ վերաբերում է բանդայի մեջ եղած «Սուրիկի լավաշ» արտադրության սեփականատիրոջ որդուն, ապա Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ այդ սեփականատերը հանցագործ աշխարհում հայտնի մարդ է եւ բնական է, որ պետք է որդու ձերբակալման կապակցությամբ ինչ-որ քայլեր անի:

Պատասխանելով այն հարցին, թե «ինչո՞ւ գողոնը վերադարձված չէ», Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ անպայման կվերադարձվի, գուցե ոչ ամբողջությամբ, բայց կվերադարձվի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4