«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2011-09-28 | #172, 2011-09-29 | #173, 2011-09-30


ԵՎՍ 10 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՄԱՐԶԵՐԻՆ

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ ներկայացրեց կառավարության այս տարվա փետրվարի 3-ի որոշմամբ Հայաստանի մարզերին հատկացված 10 մլրդ դրամով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, նշելով, որ կատարված է ծրագրերի ավելի քան 80 տոկոսը, իսկ հոկտեմբերին աշխատանքները կավարտվեն: Կառավարությունը որոշեց եւս 10 մլրդ դրամ հատկացնել մարզերին, որը դարձյալ կուղղվի դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրագծերի, մշակույթի տների շինարարությանը: Փոխվարչապետը նշեց, որ տեղերից են ստացվում այս կամ այն խնդրի առաջնահերթ լուծման առաջարկները:

Այս հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ նշելով, որ տարածքային համաչափ զարգացումը եղել է նաեւ նախագահի նախընտրական ծրագրի սկզբունքային դրույթներից մեկը: Նա տեղեկացրեց, որ վարչապետի վերահսկողական ծառայությունն իր հսկողության տակ է պահում այս միջոցների ծախսումը: «Այցելելով մարզեր, համայնքներ` համոզվում ենք, որ իսկապես դրական արձագանք կա, քանի որ քաղաքացիները, բնակիչները տեսնում են, որ այս գումարները ծառայում են բուն նպատակին, եւ լուծվում են կարեւորագույն սոցիալական խնդիրներ: Այս 10 մլրդ դրամն էլ իր դրական ազդեցությունը կթողնի տարածքային համաչափ զարգացման ծրագրի վրա», վստահեցրեց վարչապետը:

Շինթույլտվությունների տրամադրումը պարզեցվել է, բայց իրականում այդպես չէ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանիՙ երեկ կառավարությունում ներկայացրած որոշման նախագծով սահմանվում է, որ կրպակները եւ այլ օբյեկտները սեփականության կամ վարձակալության տալիս առավելագույն ժամկետ է սահմանվում 10 տարին:

Դիմելով քաղաքապետինՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ թեեւ շինթույլտվություններ տրամադրելու կարգը պարզեցվել է, բայց միջազգային կազմակերպությունները արձանագրում են, որ իրականում այդպես չէ: Այս առումով, ըստ վարչապետի, «Բիզնեսի վարման» այս մասով Հայաստանի առաջընթացը կասկածի տակ է դրվում: Նա պահանջեց քաղաքապետից այս հարցը վերցնել անձնական հսկողության տակ, որին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց, որ քաղաքային իշխանության իրավասության հարցերը գտնվում են կոշտ հսկողության ներքո, բայց կան այլ կառույցների հետ կապված հարցեր, որոնք լուծման ուղղությամբ քայլեր կարվեն:

Մետրոյի ուղեվարձի թանկացումը արդյունք չտվե՞ց

Բյուջե 2012-ով մետրոյի սուբսիդավորման կրճատման հետ կապված իր մտահոգությունը երեկ կառավարության նիստում հայտնեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ սակագների բարձրացումն այդ դեպքում արդյունք չի տալիս, քանի որ եթե դա պայմանականորեն 400 մլն դրամի գումարի ավելացում է տվել, ապա սուբսիդավորման գումարը կրճատվում է 500 մլն դրամով: Արձագանքելով այս հարցադրմանըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հարկ է մայրաքաղաքում տրանսպորտային սպասարկումը կազմակերպել այնպես, որ երթեւեկողների հոսքերը մետրոյով ավելանան: Այդուհանդերձ, բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատրաստակամություն հայտնեց մեկ անգամ եւս քննարկել մետրոյի սուբսիդավորման հետ կապված հարցը:

Եկող տարի կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

Եկող տարվա բյուջեով նախատեսված է կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների բարձրացում: Այս մասին երեկ կառավարության նիստում հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանըՙ նշելով, որ միջին կենսաթոշակը կբարձրանա մոտ 3000 դրամով եւ ներկայիս 28400 դրամից կհասնի 31300 դրամի, իսկ սոցիալական նպաստները կբարձրանան միջինը 2700 դրամով եւ 26800 դրամից կհասնեն 29500 դրամի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4