ՄԱԿ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գնահատում է լավ: Ելույթը բարձրակարգ էր, սակայն ոչ ավելի: Հովհաննիսյանի գնահատմամբ` նման վճռական ազգային քաղաքականություն տանելու պարագայում պետք է իշխանությունները վստահ լինեն, որ երկրի ներսում ամեն ինչ ապահով է, ունենան ապահով թիկունք ու հրաժարվեն մոնոպոլիստական քաղաքականությունից: Հովհաննիսյանը չի հավատում, որ իշխանությունը պատրաստ կլինի հրաժարվել ներկայիս վարքագծից եւ լուրջ ռեֆորմներ իրականացնել: «Ժողովրդի կյանքը վատանում է, ավելի վատ է, քան առաջ, եւ դա հասկանալու համար մարզեր կամ քաղաքի տարբեր վայրեր այցելող մեր պաշտոնյաները պետք է ոչ թե բեմադրված տատիկ-պապիկներին ուշադրություն դարձնեն, այլ զրուցեն մարդկանց հետո, տեղեկանան նրանց խնդիրներին»:
Հովհաննիսյանը հատկապես բարձր է գնահատում ելույթի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատվածը: «Անթերի ներկայացվածություն էր: Նախագահը գրագետ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցը ներկաներին: Սակայն անթերի ելույթը դեռ չի կարող արդյունքների մասին խոսել»: Դաշնակցական պատգամավորը հիշեցնում է, որ նախագահը նման բազմաթիվ ելույթներ է ունեցել, սակայն դրանք որեւէ կերպ չեն նպաստել իրավիճակի փոփոխությանը: Հովհաննիսյանը հիշեցնում է` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ նախագահի ելույթն էլ գերազանց էր, սակայն` անարդյունք:
Պատգամավորը վստահ է` հայ-թուրքական արձանագրությունները վերադարձնելով խորհրդարանՙ Թուրքիան շարունակում է Հայաստանին պահել պատանդի կարգավիճակում: Հովհաննիսյանի գնահատմամբ` այն կարճ ժամանակահատվածում, երբ Թուրքիան հետ էր կանչել արձանագրությունները խորհրդարանից, Հայաստանը պետք է ճիշտ պահն օգտագործեր եւ հետ կանչեր իր ստորագրությունը: Սակայն այդպես չվարվեց ու շարունակեց մնալ նույն իրավիճակում:
ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նույնպես բարձր է գնահատում նախագահի ելույթը: Նախագահն ընդգծեց մի քանի դրույթներ, ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: «Ցեղասպանության վերաբերյալ նախագահը հստակեցրեց, որ Հայաստանը ոչ միայն պահանջատեր է, այլեւ բարոյական տեսանկյունից պատրաստ է պայքար մղել ցեղասպանության դեմ, որովհետեւ համոզված է` ցեղասպանության ճանաչմամբ հետագա ցեղասպանությունները կկանխարգելվեն»:
Ի տարբերություն դաշնակցական պատգամավորիՙ Շահգելադյանը համոզված է` ելույթից կարող ենք ակնկալիքներ ունենալ: «Նախաձեռնողական քայլերը բազմաթիվ են եւ դրանք ավելի են ամրապնդում Հայաստանի դիրքերն ու այդ կերպ ձեռք ենք բերում համակիրներ»:
Երկրում փոփոխությունների համար Դաշնակցությունը կողմ է իշխանափոխության գաղափարին: Այժմ Դաշնակցությունը պահանջում է ոչ թե վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի հրաժարականը, այլ ողջ իշխանական բուրգի` ներառյալ նախագահ Սարգսյանի: Ըստ նրա` երկրում զարգացում ապահովելու համար միակ ելքը համակարգային իշխանափոխությունն է: Արտահերթ թե հերթական` ՀՅԴ-ն պատրաստվում է ընտրությունների: Եթե այլ հարցերում Դաշնակցությունը համագործակցում է տարբեր կուսակցությունների հետ, ապա ընտրական գործընթացներին նախընտրում է ինքնուրույն մասնակցությունը: Եթե Վլադիմիր Պուտինը ընտրվի ՌԴ նախագահ, չի կարող Հայաստանի ներքաղաքական կյանքում էական փոփոխություններ բերել: Քաղաքականության մեջ որոշ «նյուանսներ» կփոխվեն, ոչ ավելի:
Դաշնակցական պատգամավորը չի ցանկանում քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը, քանի դեռ անձամբ նախկին նախագահը նման հայտարարությամբ հանդես չի եկել: Կան ենթադրություններ, որ եթե Քոչարյանը ցանկանա մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա հավանական տարբերակները ԲՀԿ-ում կամ ՀՅԴ-ում ընդգրկվելն է: Դաշնակցականները Քոչարյանից չեն ստացել նման առաջարկ, հետեւաբար կուսակցությունը չի քննարկել Քոչարյանի առաջադրումը: Երբ առաջարկ կստանան` կքննարկեն: «Ռուսաստանը Ռուսաստան է, Հայաստանը` Հայաստան», ասում է ՕԵԿ-ի փոխնախագահը: 2012-ին ՕԵԿ-ը պաշտպանելու է նախագահ Սարգսյանի թեկնածությունը, «իսկ խորհրդարանական ընտրություններում հաղթելու ռեալ շանսեր ունի»: Վերլուծաբանների գնահատականների վերաբերյալ, որ ՕԵԿ-ի վարկանիշը 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընկել է, Շահգելդյանն ասաց. «Անկում եղավ, որովհետեւ ոմանք չհասկացան մեր մոտեցումները: Պետք է լինի քաղաքական մրցակցություն, բայց ոչ` քաղաքական թշնամանք: Այն, ինչ մենք ասում էինք 2008-ին, երեքուկես տարի հետո կրկնեց ՀԱԿ-ը: Հետեւաբար մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ ունենք կողմնակիցների լուրջ քանակ», ասաց Շահգելդյանը` հավելելով, որ իրենք միշտ իրենց կողմից են:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ