Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունից ով հանդիպում է լրագրողներին, ներկայանում է փաստաթղթերի հավաքածուով, ընդ որումՙ այդ փաստաթղթերը ամենեւին էլ պետական, քաղաքական նշանակություն չունեն, ինչպես վայել կլիներ ավանդական կուսակցությանը, այլ` խիստ անձնական բնույթի: Մասնավորապես օրեր առաջ ՀՌԱԿ «գոլդենփալասյան» համագումարի ընտրությամբ ատենապետ Հարութ Առաքելյանը ներկայացրեց փաստաթղթեր, թե «որքանո՞վ է ինքը ճիշտ ատենապետ ու որքանո՞վ է սխալ Էդվարդ Անտինյանի ատենապետությունը», իսկ երեկ «Ուրբաթ» ակումբում Անտինյանը ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ապացուցում են ոչ միայն Առաքելյանի ոչ ատենապետ լինելը, այլեւ ՀՌԱԿ «գոլդենփալասյան» համաժողովի ոչ օրինական լինելը: Այսպես. Անտինյանի ձեռքին էին պետռեգիստրի փաստաթղթերը, որոնցով Հարութ Առաքելյանի` ՀՌԱԿ ատենապետ ընտրվելու իրադարձությունը «ճանաչված է ոչ օրինական»: Այսինքն Առաքելյանը չի գրանցվում որպես ՀՌԱԿ ատենապետ, սա էլ նշանակում է, որ Անտինյանը շարունակում է մնալ ՀՌԱԿ ատենապետ. «Եթե Առաքելյանին գրանցեն, ես իհարկե կշնորհավորեմ նրան: Իսկ այժմ ես չեմ պատրաստվում «քուչի մակարդակի» իջեցնել ավանդական կուսակցության ներքին իրավիճակը: Բա կարելի է՞ ավանդական կուսակցությունը դարձնել անձնական խնդիրների լուծման հարթակ», ասաց Անտինյանը: Այս ամենով հանդերձ` ՀՌԱԿ ատենապետը, շարունակելով ներկայացնել ձեռքի տակ ունեցած փաստաթղթերը, մեջբերեց կուսակցության կանոնադրության 54-րդ հոդվածը, որով «հանրապետական վարչությունը ընտրվում է համագումարի կողմից` ատենապետի առաջադրմամբ». «Այնինչ հանրապետական վարչության առաջադրումներ ես կոնկրետ չեմ արել, հետեւաբար` ապօրինի է եւ այդ համագումարը, որտեղ հրավիրել էին փաստորեն միայն իրենց մտերիմներին, եւ այդ համագումարում ընդունված որոշումները», ընդգծեց Անտինյանը:
Պատասխանելով «Ազգ»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Անտինյանը փաստին, որ Առաքելյանի «ատենապետությունը» շնորհավորեցին մի շարք ռամկավար-ազատական գործիչներ սփյուռքից, ՀՌԱԿ ատենապետը պատասխանեց. «Նախ. երբ ես էի ընտրվել, ինձ էլ շնորհավորեցին, «ընտրվեց» Առաքելյանըՙ իրեն էլ պետք է շնորհավորեին: Սակայն ես պետք է ափսոսանքս հայտնեմ, քանի որ սփյուռքի մեր կառույցները մի շատ կոպիտ սխալ են թույլ տվել` նշելով, թե իրենք հաստատում են հանրապետական վարչության կազմը, մինչդեռ դրա իրավունքը, համաձայն կուսակցության կանոնադրության եւ ՀՀ օրենսդրության, չունեն»: Ի դեպ, Անտինյանը, հստակ սահմանագծեր մտցրեց Ռամկավար ազատական ու Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունների միջեւ. «Խորին մոլորություն է այն, թե ՀՌԱԿ-ը շարժվում կամ գործում է Ռամկավար ազատական կուսակցության ազդեցությամբ կամ ուղղորդությամբ: Մենք իրենց գործերին չենք խառնվում, իրենք` մեր», պարզաբանեց Անտինյանը:
Ու հենց այս համայնապատկերում ամենեւին էլ պատահական չեն Անտինյանի հաջորդ խոսքերը. «Այսօր կուսակցությունը ավելի շատ դրսում (նկատի ունի կուսակցությունից, այլ ոչ` Հայաստանից դուրս-Հ. Ա.) գաղափարակիրներ ու կողմնակիցներ ունի, քան ներսում: Դո՞ւք կարող եք նշել իրապես ակտիվ ռամկավար-ազատական գործիչ այսօր: Թերեւս միայն ես ու Առաքելյանը: Ընդ որումՙ նա պայքարում է ինձ հանելու դեմ, սակայն ես ամենեւին էլ չեմ մարտնչում նրա դեմ: Կրկնում եմ, եթե Առաքելյանը հաստատվի ատենապետի պաշտոնում, ես միայն կշնորհավորեմ նրան»:
Բացի սրանից, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՌԱԿ-ի մասնակցելու ձեւի մասին, Անտինյանը նշեց. «Ինչպես արդեն նշեցի, հսկայական ռեսուրս ունենք` կուսակցությունից դուրս, եւ եթե կարողանանք համախմբել կուսակցությունը, ապա ընտրությունների կգնանք առանձին, եթե ոչ առանձին, ապա` միայն գաղափարակիցների դաշինքով: Ընտրություններին մասնակցելու առումով մի դիտարկում եւս. երբ Ռուբեն Միրզախանյանին հանեցին ատենապետի պաշտոնից խորհրդարանական ընտրություններում հավաքած 5 տոկոսից պակաս ձայների պատճառով, ապա նրան փոխարինած Հարութ Առաքելյանի հաջորդ չորս տարվա աշխատանքի արդյունքը այն եղավ, որ ՀՌԱԿ-ը չմասնակցեց ընտրություններին, իսկ սա թույլ տալ չի կարելի: Ավելին ասեմ` ՀՌԱԿ-ի ձայնը պետք է հնչի հայոց խորհրդարանի բարձր ամբիոնից»:
Վերջում Անտինյանը անդրադարձավ նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի արտահայտությանը, թե հայ ավանդական կուսակցությունները կարող են հանդես գալ համատեղ հայտարարությամբ: «Դա կլինի բացառապես ազգային հարցերի շուրջը, օրինակ` ԼՂ հիմնահարց, Ցեղասպանություն, հայ-թուրքական գործընթաց եւ այլն: Սակայն ավելին, այսինքնՙ հայ ավանդական կուսակցությունների դաշինքի ձեւավորումը ես կարծում եմ անհնար, անգամ սպառնալիք` ՀՀ ազգային անվտանգությանը: Քանի որ սփյուռքը Հայաստանում ներկայացված կլինի ընդդիմադիր միասնական կառույցով. պետություն պետության ներսում», եզրափակեց Անտինյանը:
Հ. ԱՖՅԱՆ