Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արեւելյան գործընկերության շրջանակներում Վարշավայում երեկ տեղի ունեցած գագաթաժողովն ավարտվեց հռչակագրով, որի համաձայն, ի շարս այլ դրույթների, 26-րդ կետում ամրագրվել է, որ գործընկերությունն այդուհետեւ էլ շարունակելու է աջակցել կայունությանն ու բազմակողմ վստահության հաստատմանը, ինչպես նաեւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Նույն կետում ընդգծվում է «հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»:
Այսպիսով մի որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած նույն գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` Եվրոնեսթի հանդիպմանը Ադրբեջանի ու Վրաստանի, նաեւ մասամբ Մոլդովայի` Վարշավայում ընդունվելիք հռչակագրում միայն տարածքային ամբողջականության մասին շեշտադրում անելու մտադրությունը, որ չիրագործվեց Հայաստանի վետոյի արդյունքում, որեւէ կերպ արտացոլում չի գտել վարշավյան փաստաթղթում:
Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ այն է, որ որեւէ կերպ չի նշվում ղարաբաղյան հարցը այն դեպքում, երբ հիշատակվում է Վրաստանը հակամարտություն ունենալու առումով, ինչպես նաեւ մերձդնեստրյան խնդիրը: Հասկանալի է, որ, մի կողմից, այս երկու պարագաներում է, որ Եվրոմիությունը ներգրավվածություն ունի, սակայն չպետք է մոռանալ, որ ղարաբաղյան հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբում էլ ԵՄ անդամ Ֆրանսիան է:
Հռչակագիրը, որ ստորագրել են ԵՄ ներկայացուցիչները, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ արեւելյան գործընկեր երկրների ղեկավարները, ողջունում է Եվրոնեսթի, ինչպես նաեւ Քաղաքացիական հասարակության ֆորումի, Արեւելյան գործընկերության գործարար ֆորումի ու Արեւելյան գործընկերության տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի հիմնումը: Հռչակագրի դրույթներում հաջորդական անդրադարձ է կատարվում տարբեր ոլորտներում տեղի ունեցող քայլերին եւ առաջընթացին, որ Արեւելյան գործընկերության տարբեր պետությունները գրանցում են ինչպես ասոցացման համաձայնագրի շուրջը բանակցություններում, այնպես էլ անցագրային ռեժիմին եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի մասին փաստաթղթերի քննարկումներում:
Արդարության, ազատությունների եւ նման այլ կատեգորիաների կողքին հռչակագրում առանձին փաստվում է Վարշավայի գագաթաժողովի մասնակից երկրների էներգետիկ փոխկախվածությունը, որի հիման վրա էլ կարեւորվում են էներգետիկ նախագծերը` նաեւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանային կտրվածքով: