«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2011-09-29 | #173, 2011-09-30 | #174, 2011-10-01


ՀԵՐԹԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՖՐԱՆՍԻԱՅԻՆՆ Է

Դեռեւս նախքան այս տարվա հունիսի 24-ը Կազանում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը, որից, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ու ողջ միջազգային հանրությունը մեծ ակնկալիքներ ունեին կողմերին առաջարկված հիմնարար սկզբունքները համաձայնեցված տեսնելու առումով, ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Այդ ժամանակահատվածում ֆրանսիացի Ֆասիեն, փաստորեն, ԼՂ հակամարտությանը մոտ կանգնած միակ օտարերկրացի դիվանագետն էր, որ հնարավոր համարելով, Կազանի հավանական «տապալումը», ստրասբուրգյան ամբիոնից շեշտեց. «Եթե կողմերին չհաջողվի համաձայնեցնել առաջարկված հիմնարար սկզբունքները` Կազանում ապա միջնորդները հանդես կգան նոր առաջարկություններով»: Ի՞նչ է սա նշանակում, եւ ինչո՞ւ է միջնորդների նոր առաջարկությունների հավանականության մասին տեղեկացնում հատկապես ֆրանսիացի համանախագահը: Չի՞ նշանակում այս ամենը, որ Ֆրանսիան սկսում է ակտիվանալ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, ԼՂ հիմնահարցում միջնորդ:

Իհարկե, իշխանական ամենաբարձր մակարդակում այսօր փոխատեղումներ անող Ռուսաստանը իր ներքաղաքական ծանրաբեռնվածության պատճառով չի կարող իր դիվանագիտական ու քաղաքական լուրջ ռեսուրսներն ուղղել դեպի ԼՂ հիմնահարց, մանավանդ որ Կազանի հանդիպումից հետո Կրեմլը լքող նախագահ Մեդվեդեւը «որոշակի հիասթափություն ապրեց»: Եվ չնայած որոշ ժամանակ անց Կազանից Մեդվեդեւը Բաքու եւ Երեւան գործուղեց արտգործնախարար Լավրովին` «կողմերին ներկայացնելու ՌԴ նախագահի առաջարկությունները», չնայած օրերս ՄԱԿ-ի ամբիոնից նույն Լավրովը կոչ արեց բոլոր կողմերին` «օգտվել Ռուսաստանի միջնորդության հետեւանքով առաջացած հնարավորություններից», այդուհանդերձ, նկատելի է, որ Մոսկվան, առնվազն մինչեւ գալիք տարվա գարուն, պարզապես ժամանակ չի ունենալու կամ «ավելի կարեւոր հարցեր է ունենալու», քան ԼՂ հիմնահարցը: Իսկ ինչո՞ւ է կարեւոր ղարաբաղյան հիմնահարցի համար «մինչեւ այս տարեվերջ ժամկետը». որովհետեւ այս տարվա հուլիսի 6-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, Կազանի «տապալված եռակողմից հետո», հայտարարեց. «Ցավոք, չնայած բարձր մակարդակի հաստատման ուղերձին` հունիսի 24-ին Կազանում ակնկալվող բեկումը չնյութականացավ: Ինչեւէ, հիմնարար սկզբունքների շուրջը համաձայնության հասնելու ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես ողջունում եմ, որ երկու կողմն էլ վերահաստատել են դիվանագիտական գործընթացի եւ խաղաղ կարգավորման հասնելու իրենց պատրաստակամությունը: Սակայն առաջիկա ամիսների ընթացքում կարիք ունենք տեսնելու ավելին, քան այդ պատրաստակամությունն է: Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը` մինչեւ տարեվերջ համաձայնության հասնելու համար: Դա պետք է տեղի ունենա մինչեւ 2012-ի ներքին քաղաքական առաջնահերթությունները...»: Երբ Էշթոնի այս հայտարարությանը գումարենք նաեւ նրա կարեւոր հավելումը, թե «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ ռազմավարական առաջնային շահն է», ապա հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ է Մոսկվան, համենայն դեպսՙ մինչեւ տարեվերջ հաստատ, հանձնում դրոշակակրի իր դիրքերը հատկապես ԵՄ անդամ Ֆրանսիային: Պետք է նկատել, որ այս վերջինի հիմքերը կամ հաստատումները տեսանք նաեւ այս օրերին, երբ ՀՀ նախագահը պաշտոնական այց ունեցավ Ֆրանսիա, որի շրջանակներումՙ հանդիպումներ նախագահ Սարկոզիի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, այնուհետեւ` առաջիկա օրերին սպասվող Ֆրանսիայի նախագահի` միջպետական հարաբերությունների համար բարձրագույն` պետական այցը Երեւան: Ընդ որում, Սարկոզիի այցը տարածաշրջանային է, հետեւաբար նա կլինի նաեւ` հակամարտության կողմերից եւս մեկում` Բաքվում: Ենթադրելի է, որ Ֆրանսիայի նախագահը իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին ներկայացնելու է իր առաջարկությունները` հակամարտության հետ կապված, մանավանդ որ «նոր առաջարկությունների» առկայության մասին իրենց հայտարարությունում պարզորոշ նշել են Մինսկի խմբի համանախագահները` Վարշավայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ առանձին հանդիպումներից հետո: Սրանից էլ` պարզորոշ հետեւություն, որ Ֆրանսիան գոնե մի քանի ամսով ամենաակտիվն է լինելու Մինսկի խմբի համանախագահներից, եւ հնարավոր է անգամ Սարգսյան-Սարկոզի-Ալիեւ հանդիպում, կամ դրանց շարք` ֆրանսիական հողում:

Թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Փարիզի այս ակտիվությունը, պատասխան որոնելու երկու ճանապարհ կա. նախ` զուտ ֆրանսիական, հետո` համաեվրոպական: Վերջինս լուրջ վտանգներ կարող է պարունակել մեզ համար: Այս առումով մեջբերենք Էշթոնի վերոհիշյալ ելույթից մեկ այլ հատված, որտեղ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գերագույն հանձնակատարը ընդգծում էր. «Սահմանները կարող են բացվել: Մայրուղիները, երկաթուղիները եւ նավթատարերը կարող են անցնել ամենակարճ ճանապարհով...», պետք է նկատել, որ սա, ընդհանուր առմամբ, ԵՄ ընդհանրական դիրքորոշումն է, նաեւՙ ԼՂ հակամարտության լուծման մեջ: Ինչ վերաբերում է ֆրանսիականին, ապա այստեղ մեկ հիշեցում եւ մեկ մեջբերում: Մասնավորապես հիշեցնենք Կազանի հանդիպման նախօրեին Սարկոզիի` միայն Սարգսյանին, եւ ոչ նաեւ Ալիեւին, ուղերձից մի հատված. «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես` որպես բարեկամ, եւ ինձ հետ է Ֆրանսիան` որպես Հայաստանի քույրը, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման ամենաանկեղծ մաղթանքները: Իմ երկիրը ջանք չի խնայի` սատարելու Ձեզ այդ ճանապարհին», անշուշտ, «բոլոր դեպքերն» ու «այդ ճանապարհը» արտահայտությունները առավել քան հասկանալի են: Եվ մեջբերումը. երեկ թուրքական «Հյուրիեթը», անդրադառնալով ՀՀ նախագահի այցին Ֆրանսիա, երկու նախագահների ներկայությանը Շառլ Ազնավուրի համերգին ու առաջիկայում սպասվող Սարկոզիի պետական այցին Երեւան, գրել էր. «Սարկոզին ձգտում է ամեն կերպ վերականգնել կեսմիլիոնանոց ֆրանսահայ համայնքի վստահությունը, որը կորցրեց, երբ արգելք դրեց Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի վրա: Այժմ, երբ ֆրանսահայերի մի մասը հայտարարել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդին, Սարկոզին նույն ֆրանսահայերի սատարման կարիքը ունի»:

Ուրեմն, ստացվում է, որ ֆրանսահայերի սատարման կարիքն ունեցող Սարկոզին` ԵԱՀԿ Մինսկի խմբի դրոշակակրի իր դիրքերից չի կարող նույն ֆրանսահայերին ամբողջովին վանել, մանավանդ որ Վաշինգտոնը ու մանավանդ հետընտրական-պուտինյան Ռուսաստանը ամենեւին էլ չեն պատրաստվում երկար ժամանակ դրոշակն այդ թողնել ֆրանսիական ձեռքերում, բացի դրանիցՙ Սարկոզին գալիք տարի ունի վերընտրվելու խնդիր, այնինչ Էշթոնը «սպասում է» կողմերի միջեւ հիմնարար սկզբունքների համաձայնեցման արդեն մինչեւ այս տարեվերջ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4