«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2011-09-29 | #173, 2011-09-30 | #174, 2011-10-01


ՌԴ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ, ԱՅԼ ՈՉ ՄԱԿ-Ը

Ռուսաստանի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որպես միջնորդի շատ ակտիվ ու արդյունավետ է: Ըստ ՌԴ ԱԳՆ կայքէջում տեղադրված տեսագրության, այսպես է պատասխանել ադրբեջանցի լրագրողի կիսագրագետ ռուսերենով մատուցված հարցախմբին երեկ հերթական ճեպազրույցն անցկացրած Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ադրբեջանցի լրագրողն իր գտնվելու վայրից թե տրվելիք հարցերից հուզված` փորձեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներից նոր Մոսկվա վերադարձած Լուկաշեւիչից ճշտել, թե «ինչու չեն կատարվում ղարաբաղյան հարցի առնչությամբ ՄԱԿ-ի մի քանի բանաձեւերը, երբ Մինսկի խմբի համանախագահները նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են»:

Լուկաշեւիչը նախ հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ ասվածը միայն Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը չեն, այլ այնտեղ կան էլի մի քանի երկրներ: «Դուք կարծես ոչ այնքան հաճախ եք լինում մեր ճեպազրույցներին, քանի որ ղարաբաղյան թեման բավականին հաճախ է երեւում մեր ճեպազրույցներում, դրա համար խոր էքսկուրս չեմ անի», ասաց Լուկաշեւիչը, շեշտելով, որ ղարաբաղյան հարցում ՌԴ դիրքորոշումն էլ բազմիցս հայտարարվել է:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտեց. «Մինսկի խումբը մնում է շատ կարեւոր ու արդյունավետ մեխանիզմ հակամարտության կարգավորման առումով, վերջերս էլ եղել են խորհրդակցություններ»: Իսկ ինչ վերաբերում է միջնորդական գործունեության ձեւաչափում Ռուսաստանի դերակատարությանը, ապա, ըստ Լուկաշեւիչի, այն ակտիվ ու արդյունավետ է, եւ դա ընդունում են ինչպես մյուս համանախագահները ,այնպես էլ կողմերը:

«Իհարկե, ամեն ինչ հարթ չի ընթանում` հաշվի առնելով կողմերի շատ տարբեր մոտեցումները, բայց, այդուհանդերձ, վերջին հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ կողմերի քաղաքական կամքի դեպքում առաջընթացը հնարավոր է», ընդգծեց Լուկաշեւիչը:

Ադրբեջանցի լրագրողի լացակումած հարցին էլ, թե ինչու ՄԱԿ բանաձեւերը չեն իրականացվում, «երբ մեկը օկուպանտ է, մյուսը` տուժած», Լուկաշեւիչն ամենայն բարեկրթությամբ նախ բարոյախրատական խոսք ասաց. «Նախորդ նմանատիպ հանդիպումներում ձեր կոլեգաներին զգուշացրել եմ, որ պետք է կոռեկտ լեզու ընտրել եւ էմոցիաների հավասարակշռություն պահպանել»: Այդուհետեւ շարունակեց. «ՄԱԿ բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն, իսկ գործընթացով զբաղվում է Մինսկի խումբը, այլ ոչ ՄԱԿ-ը»:

Բանակցությունները, ըստ Լուկաշեւիչի, միշտ էլ դժվար գործ են, նման ձգձգված հակամարտության դեպքում էլ արագ ու հեշտ որոշումների վրա հույս դնել չի լինում: «Ռուսաստանը եւ մեր համանախագահող գործընկերները բոլոր միջոցներն օգտագործում են մոտեցնելու կողմերի համաձայեցնումը հիմնարար սկզբունքների շուրջը: Ռուսաստանը շահագրգիռ է, որ տարածաշրջանում վերականգնվի կայունությունը, անվտանգությունն ապահովվի, ու մենք խոսենք համագործակցության ձեւերի մասին, այլ ոչ զբաղվենք հռետորաբանությամբ ու լուրջ հայտարարություններ անենք տարածաշրջանային անվտանգության առումով», ադրբեջանցի լրագրողի մի կույտին հարցերին այսքանով արձագանքել է Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4