Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Երեւան կժամանի Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը: Բըրրին ազդեցիկ քաղաքական գործիչ է ոչ միայն Լիբանանում: Շիա պետական գործիչը ողջ արաբական աշխարհում մեծ հեղինակություն է վայելում: Սա նրա 2-րդ այցն է Հայաստան:
Այցի կապակցությամբ պատասխանելով «Ազգի» հարցին, Հայաստանում Լիբանանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալահն ասաց, որ Հայաստանում Բըրրին հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Աբրահամյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է Լիբանանի ԱԺ նախագահի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովի նիստում:
Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հիշեցնենք` Լիբանանը Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած միակ արաբական երկիրն է այսօր: Լիբանանի ժամականավոր հավատարմատարը հույս հայտնեց, որ այցը կլինի արդյունավետ եւ էլ ավելի կամրապնդի բարեկամ երկու պետությունների ու եղբայրական զույգ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները:
Հ. Ա.