«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2011-09-30 | #174, 2011-10-01 | #175, 2011-10-04


ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ՆԵՐՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ՈՒ ԼՈՒՐՋ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Արդեն երրորդ տարին է` ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության ու ՄԱՍՏԵՐ միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ, ԼՂՀ նախագահի հովանու ներքո, Ստեփանակերտում կազմակերպվում է BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը: Համաժողովի պաշտոնական գործընկերն Արցախի ներդրումային հիմնադրամն է: Այս տարի այն անցկացվեց հոկտեմբերի 1-3-ը, որին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԼՂՀ նախագահի հետ Տ. Սարգսյանը մասնակցել է ARTSAKH EXPO-2011 երկրորդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացված էին հիմնականում արցախյան արտադրության շինանյութեր, պահածոներ, խմիչքներ, որոնք հայտնի են նաեւ ԼՂՀ սահմաններից դուրս:

Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած պլենար նիստը կրում էր «Զարգացած տնտեսությունը որպես պետության անկախության հիմք» խորագիրը:

Համաժողովի մասնակիցներին ողջունելովՙ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես ասել է. «Մենք բարձր ենք գնահատում Արցախի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկում, ամեն մի քայլ, որը կնպաստի մեր երկրի գործարար կյանքի ակտիվացմանը, տնտեսության զարգացմանն ու անկախ պետականության հիմքերի շարունակական ամրապնդմանը: Դա համազգային նշանակության խնդիր է, որի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է ինչպես համայն հայության ջանքերի օգտագործումը, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հաստատումը արտերկրի տարբեր ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի հետ: Համաժողովում քննարկվելիք թեմաներն այդ տեսանկյունից հրատապ են եւ արդիական, եւ իրենց մեջ պարունակում են նման փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ»:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր ելույթում մատնանշել է ցուցանիշներ, որոնք բնութագրում են այն մակրոմիջավայրը, որում առաջիկայում աշխատելու են հայաստանյան գործարարները: Դրանք համաշխարհային զարգացումների հետեւանք լինելով` ազդելու են նաեւ Արցախի տնտեսության վրա, համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետը: Տ. Սարգսյանը միաժամանակ ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության ծրագիրը, որն ավելի է հստակեցնելու պետության ու մասնավոր հատվածի պարտականություններն ու պատասխանատվությունը երկրի տնտեսական զարգացման գործում: Խոսելով համաժողովի ակնկալիքներից, նա ասել է. «Մենք պետք է ձեռնարկենք լրացուցիչ ջանքեր, որպեսզի տարեցտարի մասնագետների քանակն ավելանա, լինի ավելի բազմազան: Միջոցառումը, համոզված եմ, հետեւողական աշխատանքի շնորհիվ կստանա միջազգային համաժողովի կարգավիճակ, որի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել ԼՂՀ տնտեսության ներուժը եւ ներգրավել լուրջ ներդրումներ»:

Համաժողովում ելույթ ունենալովՙ Արցախի տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանն անդրադարձել է հանրապետության տնտեսական ցուցանիշներին, խոսել զարգացման հեռանկարներից:

Համաժողովի հաջորդ օրը մասնակիցները գործնական ու ճանաչողական այցեր են կատարել տարբեր վայրեր: ՀՀ վարչապետը այցի շրջանակում հանդիպում է ունեցել Արցախի պետհամալսարանում, որտեղ հանդես է եկել ուշագրավ թեմայով դասախոսությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4