Դրանք արդեն հոգնեցրել են եւ հավատ չեն ներշնչում
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացվել են հասարակական տրանսպորտի սեպտեմբերի 27-ին անցկացված մոնիտորինգի արդյունքները:
Տրանսպորտի վարչության կողմից ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականում գնահատվել է բավարար, առանձին երթուղիներում (22, 32, 38, 79) շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար:
Աշխատել են շահագործման ժամկետներն անցած, տեխնիկապես անսարք եւ գերծանրաբեռնված միկրոավտոբուսներ: «Առավոտյան «պիկ» ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետեւանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ: Առանձին մեքենաներում գրանցվել են ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու, ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու եւ այլ դեպքեր», ասված է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունը վարող փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգով արձանագրված թերությունները վերացնելու եւ պատշաճ ուղեւորափոխադրում ապահովելու ուղղությամբ, ավելացնելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:
Առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ: Երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով կբարելավվի տեխնիկական եւ սպասարկման որակը: Զեկուցվել է նաեւ, որ երթուղային նոր ցանցը նախնական տարբերակով արդեն պատրաստ է եւ վերջնական քննարկման փուլում է:
Մեր կողմից ավելացնենք, որ առնվազն զարմանալի է, երբ Երեւանի քաղաքապետարանում, հերթական անգամ, գյուտ արածի կեցվածքով, մոնիտորիգի միջոցով արձանագրվում է տրանսպորտի ներկայիս խայտառակ իրավիճակը, երբ դրան կարելի է ականատես լինել ամեն օր: Իսկ «թերությունները վերացնելու եւ պատշաճ ուղեւորափոխադրում ապահովելու» պարբերաբար կրկնվող հանձնարարություններն արդեն հոգնեցրել են եւ որեւէ մեկին հավատ չեն ներշնչում: Մնում է միայն սպասել, թե հերթական անգամ մշակված նոր երթուղային ցանցը կսկսի՞ գործել, թե՞ նախկինների նման կարժանանա աղբարկղ նետվելու բախտին: Թեեւ չենք կարող կանխատեսել, թե դրական փոփոխություններ կլինեն, անգամ եթե այն գործարկվի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ